Դեկտեմբերի 6-ին Հայաստանի դեղարդյունաբերության առաջատար «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և «ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը։ Նախքան ասուլիսը նախարարները ընկերության տնօրենի հետ միասին շրջայց են կատարել և ծանոթացել ընկերության արտադրական պրոցեսներին ու հզորություններին։
Ասուլիսի մեկնարկին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է․ «Մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել դեղարդյունաբերության ոլորտում որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխանող «ԼԻԿՎՈՐ» հայկական ընկերության և մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի այսօր ունենանք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա։ Այժմ նաև բանակցություններ են ընթանում արտահանման հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ»։ Նա հավելել է, որ նախորդ շաբաթ Կառավարության հնգամյա ծրագրում հրապարակվել է արդյունաբերության հինգ գերակա ոլորտների ցանկը, որոնցից մեկը դեղագործությունն է։ Նա ընդգծել է, որ նախարարության գործունեության կիզակետում լինելու է դեղագործական ոլորտի զարգացումը՝ նման դեղագործական ընկերությունների հետ խորը համագործակցության շնորհիվ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է․ ««Սպուտնիկ» պատվաստանյութի երկու դեղաչափը ստանալուց 6 ամիս անց քաղաքացիները կստանան «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի խթանիչ (բուստեր) դեղաչափը: Ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ այս դեպքում, պետությունը կգնի պատվաստանյութը, և քաղաքացիները դա կստանան անվճար: Առաջիկա, շատ մոտ ժամկետներում պետությունը կիրականացնի գնման գործընթացները, և այն առկա կլինի պոլիկլինիկաներում: Այս պատվաստանյութը միանշանակ լինելու է մեր տեսականու մեջ: Եվ մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափի համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը»։
«ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը, ամփոփոլով ասուլիսը, ասել է․ «Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը կարևոր հաջողություն է թե՛ մեր ընկերության, թե՛ երկրի համար։ Ընկերությունը տիրապետում է 3 GMP հավաստագրերի՝ առաջին Ազգային, առաջին Եվրասիական և միջազգային PIC/S։ «ԼԻԿՎՈՐ»-ի դեղամիջոցների 70%-ը արտահանվում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ։ Հարկ եմ համարում շեշտել, որ մեր ընկերությունն իրականացնում է պատվաստանյութի լիարժեք արտադրություն՝ վերամշակելով ռուսական կողմից ստացված սուբստրատը և ապահովելով արդեն պատրաստի արտադրանքի հատուկ սառնարանային պայմաններում պահպանումը»։
0Comments