Հանրությանը կառավարելու գործիքներից մեկը վախի մթնոլորտն է: Երբ շուրջբոլորը սպանություններ են, խռովություններ, ձերբակալություններ, ոստիկանության կողմից գիշերային ներխուժումներ, յուրաքանչյուրը մտածում է՝ գլուխը մի տեղ թաքցնի, որ մի բան էլ իր ընտանիքին չպատահի, մինչեւ շտկվի ստեղծված իրավիճակը։ Շատ դեպքերում նման դեպքերը, ձերբակալությունները իշխանության կողմից ավելի են խոշորացվում, գունեղ տեսք տրվում, որ մի օրինակով հազարավորները «դաստիարակվեն ու բները մտնեն», չհամարձակվեն հակաճառեն։
Հանրությանը կառավարելու, հասարակական կարծիք ստեղծելու յուրօրինակ գործիքաձև է նաև բազմահազարանոց ֆեյքերի գոյությունը, որը ուղղորդված օգտագործվում է «իբր հասարակական ճնշման միջոցով» անցկացնելու այն բոլոր որոշումները, ինչին դեմ է իրական հանրությունը։
Նման զսպաշապիկը երկար չի կարող ձգել։ Նախկինների ու ծայրահեղ դուխովականների միջակայքում հանրության ամենամեծ շերտն է, որը ոգևորված չէր՝ ոչ նախկին, ոչ ներկա իշխանությամբ։ Նա հանրության սթափ հատվածն է, որը անկախ իշխանությունից, գլուխը կախ իր գործն է անում։
Ինչպե՞ս է դեպքերին արձագանքում հանրության այդ շերտը։ Կասեի՝ լռությամբ։ Նա ոչ նախկիններին է հայհոյում, ոչ ներկաներին գովում, լուռ հետևում է գործընթացին։ Խոսել կարող են բոլորը, լռել՝ քչերը։ Մի ամբողջ կյանք չի բավականացնում լռել սովորելու համար։ Հանրության մեջ ձևավորվել է այդ շերտը, որի լռությունը ավելի խոսուն է։
Հանրության լռության շերտը․ հասարակական հավասարակշռությունը պահելու ոսկե միջինն է։ Այն կարող է թեքվել որևէ կողմի վրա ու նժարի հավասարակշռությունը խախտել։
Վախի մթնոլորտ ստեղծելու, ազատությունը սահմանափակելու, համատարած ատելություն տարածելու գործիքակազմը նրա վրա չի կարող չազդել։ Նրա վրա չի կարող չազդել երկակի ստանդարտները, որոնք իշխանության կողմից գործածվում են յուրայինների և այլախոհների նկատմամբ։ Նրա վրա չի կարող չազդել ֆեյսբուքյան ֆեյքային նույն տիպի գրառումները՝ կեցցե ցարը, ինչ նա է անում, ճիշտ է անում։ Նրա վրա չի կարող չազդել նախկինների մեջ տեսակավորում կատարելը՝ ոմանք լավն են, որովհետև կատարում են իմ կապրիզները, ոմանք վատ, որովհետև դիմադրում են։ Նրա վրա չի կարող չազդել ատելության չափաբաժինը «մինչև վերջին խազը բարձրացնելը» ու հանրությանը պառակտելը։ Նրա վրա չի կարող չազդել, որ նախկինը որպես զենք է օգտագործվում՝ սեփական արածներին գնահատական չտալու համար․․․ Ու հազարավոր զինատեսակները, որոնք այսօր օգտագործվում են, նրա վրա չի կարող չազդել՝ բոլորը վերացնող, խոցող, սպանող, վարկաբեկող։ Ու չկա գլխավոր զինատեսակը՝ սերը, որով գրավում են երկիրը, ժողովրդին։ Մարդը առանց սիրո, նվիրումի, գաղափարի չի կարող ապրել և ինչքան էլ կիրառվեն այլ զինատեսակներ, առանց սիրո ոչ մի դաշտ չի ծաղկում։ Առանց սիրո ամայանում է կյանքը, վերածվում անապատի․․․
Լռությունը կարող է պայթել։
Քարերն անգամ խոսում են, երբ համբերության սահմանները հատում են։
Երբ հանրության լռության շերտը խոսեց, խախտվելու է նժարի հավասարակշռությունը, ու հավատացեք, արհեստական, ներմուծված ատելության դաշտը վերանալու է։
Պատմության մեջ դեռ չի եղել որևէ ղեկավար, որ օրենքի մեջ իր «օրենքները» օգտագործի, որ օրենքից իրեն վեր դասի, որ հանրությանը կառավարի վախի մթնոլորտով ու օրենքի ուժով հեռանա․․․ Ինչ ձևով իր համար ճանապարհ է բացել, նույն քարակույտերի միջով ետ է դառնալու։ Ամեն տեղ ականներ տեղադրելով, ետդարձի ճանապարհը ականապատված է լինելու․․․ Ատելություն ցանողը սեր չի հնձելու։ Դա ես չեմ ասում, բնության ներդաշնակության օրենքն է։
0Comments