«Իմ քայլը» ներկայացրեց 4 հիմքերը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար

Բնականաբար նախագիծը ներկայացվել է՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի մասով ՍԴ որոշման հետ

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը: Նիստի մեկնարկին այն վարող իմքայալական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, խոսելով ՍԴ անդամ և ՍԴ դատավոր եզրույթների մասին, հայտարարեց, որ ԱԺ-ն չի ուզում մտնել այդ դիսկուրսի մեջ, դրա համար դրանք նախաձեռնության մեջ ներկայացվելու են որպես հոմանիշներ:

Ինչ վերաբերում է նախաձեռնություն ներկայացնելու հիմքերին, Գրիգորյանը նշեց, որ դրանք 4-ն են: Բնականաբար նախագիծը ներկայացվել է՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի մասով ՍԴ որոշման հետ:

Առաջինն այն է, որ Հրայր Թովմասյանը մինչև ՍԴ անդամ դառնալը եղել է ՀՀԿ-ի անդամ, 2010 թվականից հետո զբաղեցրել է մի շարք պաշտոններ. «Մեզ համար գաղտնիք չէ, թե ՀՀԿ-ն ինչպիսի փոխկապակցված շահեր ուներ դիմումատու Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Այս կապի մասին, ըստ իմքայլականների, վկայում է այդ թվում նաև Սերժ Սարգսյանի շնորհավորանքը՝ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Այստեղ հարցը վերաբերում է ոչ թե բուն շնորհավորանքին, այլ դրա տեքստին:

Երկրորդ հիմքը վերաբերում է Հրայր Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկի միջև քավոր-սանիկական կապը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Արամ Օրբելյանին: Գրիգորյանը հայտարարեց, որ քավոր կամ սանիկ լինելն արատավոր երևույթ չէ, հարցն այն է, որ Թովմասյանն այդ մասին չի բարձրաձայնել. «Այդ հարազատական հարաբերությունները կողմնակի դիտորդի մոտ կարող է կասկած առաջացնել դատավորի անաչառության մասով»:

Երրորդ հիմքը Հրայր Թովմասյանի կողմից նախկինում Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցնելն է:

«Սահմանադրական դատարանի մասին օրենքը նշում է, որ դատավորի վարույթին մասնակցելու անհնարինության հարցը քննվում է գործը քննության ընդունելու որոշման շրջանակներում: Սրա մասին տեղյակ լինելով՝ Հրայր Թովմասյանը հարցը չի դարձրել ՍԴ քննարկման առարկա, որ ՍԴ-ի կողմից աշխատակարգային որոշում է կայացվում, թե ի վերջո դատավորը պետք է շարունակի իր գործունեությունը, թե չմասնակցի գործի քննությանը: Եթե առկա անձը գտնում է, որ կաշկանդված չէ, բարձրաձայնում է այդ մասին»,-ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ դա էլ 4-րդ հիմքն է: