Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և առաջին տիկին Ելենա Զելենսկայան «Նովոպեչերսկայա» դպրոցում մասնակցել են իրենց որդու առաջին սեպտեմբերմեկյան տոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում է «Վեստի» լրատվական կայքը։
Դպրոցի շրջակայքում լրագրողներ են հավաքվել, որոնք ցանկացել են նկարահանել նախագահին և իր ընտանիքին։ Սակայն Զելենսկիների ընտանիքը բացասաբար է արձագանքել և լրատվամիջոցներին խնդրել է չնկարել իրենց։
Նախագահի երեխաներից բացի, այդ էլիտար դպրոցում սովորում են բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի, հայտնի բժիշկ Ռոստիսլավ Վալիխնովոսկու, ինչպես նաև «Եվրոպական համերաշխություն» խմբակցության ղեկավար Արթուր Գերասիմովի երեխաները, որոնց նույնպես նկատել են միջոցառման շարքերում։
Ելենա Զելենսկայան սոցկայքերում գրել է, որ իրենց որդին՝ Կիրիլը, դպրոցական է դարձել։
«Մեր որդին՝ Կիրիլն արդեն դպրոցական է։ Այսօր առաջին անգամ նա դասասեղանի մոտ կնստի, կտեսնի իր առաջին ուսուցչուհուն և կծանոթանա իր դասընկերների հետ։ Հետագա 12 տարիների ընթացքում նա կիմանա՝ ինչ է ընկերությունը և նաև՝ հիասթափությունը։ Անկարգություն կանի, առաջին ճամփորդությանը կմեկնի առանց ծնողների, կձևավորի բնավորությունը և պատասխանատվություն ձեռք կբերի։ Կիրիլը ոչ միայն կյուրացնի դպրոցական ծրագիրը, այլև կսովորի ապրել փոփոխությունների երկրում։ Մեր երեխաներն ապագայի սերունդն են։ Նրանք չգիտեն՝ ինչ են խորհրդային սահմանափակումները և անիմաստ անգիր արած մտքերը», - գրել է Ելենա Զելենսկայան։
Նախկինում նախագահը հարցազրույցների ընթացքում բազմիցս նշել է, որ չի ցանկանում հանրայնացնել իր անձնական կյանքը։ Բացի այդ, Զելենսկու երեխաների նկարներն այդքան էլ հաճախ չեն հանդիպում սոցկայքերում։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
0Comments