Երեւանի Աղյուսագործների 86 հասցեի բնակիչները բողոքում են՝ 4 ամիս է կոյուղագիծ չունեն։ Այս հասցեի բնակիչ Մարիամ Վարդանյանը այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Ռոստոմյան 91 հասցեի բնակիչները որոշել են փակել իրենց կոյուղագիծը. «Ապրում եմ այստեղ ծնված օրվանից, կողուղին շահագործվել է վաղուց, սակայն Ռոստոմյան 91 հասցեում բնակվող Վճռաբեկ դատարանի դատավոր Ելենա Սողոմոնյանը եւ նրա ընտանիքի անդամները, նրանց թվում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Ավանի նստավայրի դատավոր Հարություն Մանուկյանը շաղախով խցափակել են կոյուղագիծը, թույլ չեն տալիս, որ բնակիչների միջոցներով մաքրվի կոյուղագիծը՝ նորմալ շահագործելու համար»։
Բնակչի խոսքով՝ մոտ 20 մարդ են ապրում այդ հասցեում. «4-5 ընտանիք՝ մոտ 20 հոգի կանգնած է այդ խնդրի առաջ։ Ավելին Աղյուսագործների 86 հասցեի վերջին տան հիմքին է գնում կոյուղաջրերը, այդ բնակիչը ստիպված լքել է իր բնակարանը եւ վարձով է բնակվում, նրա որդին զինվորական ծառայության մեջ է գտնվում»։
Մարիամ Վարդանյանի խոսքով՝ փորձել են բանակցել կոյուղագիծը փակած բնակիչների հետ, սակայն չի հաջողվել. «Դարպասի դռները չեն բացել, որ խոսենք։ Լինելով դատարանի դատավոր՝ պետք է հասկանային, որ չկա որեւէ դատական ակտ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որը թույլ կտա նրանց փակել կոյուղագիծը»։
Բնակչի փոխանցմամբ՝ Ռոստոմյանի 91 հասցեի բնակիչները կոյուղագիծը փակելը հիմնավորում են նրանով, որ «կոյուղագիծը ինչ–որ ժամկետով է տրամադրված, այնինչ չկա նման բան»։
Բնակիչները պնդեցին, որ պատրաստ են իրենց գումարներով կոյուղագիծ կառուցել, սակայն իրենց քաղաքապետարանից մի տարի ժամանակով են ցանկանում թույլտվություն տալ, դրանից հետո հայտնի չէ, թե ինչ պետք է լինի։
Նրանց խոսքով՝ դիմում են իրավապահ մարմիններին, սակայն այնտեղից պատասխանում են, որ դատավորներն անձեռնմխելի են։
Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը պնդեց՝ Ռոստոմյան 91 հասցեում բնակվող բնակիչը ինքնիրավչություն է դրսեւորել. «Գրեթե մեկ շաբաթ է՝ տեղյակ ենք խնդրից, բնակիչների ահազանգով այստեղ ենք, տեղում ֆիքսել ենք, որ կոյուղագիծը ապօրինաբար փակվել է, Ռոստոմյան 91 հասցեում բնակվող բնակիչը ինքնիրավչություն է դրսեւորել՝ խախտելով թվով 20 բնակիչների իրավունքները եւ Երեւանի քաղաքապետը ապացուցում է, որ անմեղսունակ է եւ հետաքրքրված չէ բնակիչների խնդիրներով»։
Սոնա Աղեկյանը շեշտում է՝ խախտվում են մարդկանց իրավունքները, քանի որ նրանք հնարավոորություն չունեն քաղաքակիրթ պայմաններում հոգալ իրենց բնական կարիքները. «Երբ մարդն առավոտյան արթնանում է եւ հասկանում է, որ իրավունք չունի գնալ բնական կարիքները հոգալու, սա խայտառակություն է»։
Աղեկյանը նշեց, որ կողաջրերից նմուշներ կվերցնեն համաճարակային փորձաքննության եւ Երեւանի քաղաքապետարանին հանձնելու համար. «Մենք բանկաները բերել ենք, որ տանենք հանձնենք նրանց, որ իրենք էլ վայելեն»։
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ հասցեում խախտվում են բնակիչների իրավունքը, կա համաճարակի ռեալ վտանգ. «Այսինք 21-րդ դարում մարդը փակել է կոյուղին, որտեղ ապրում են մարդիկ, որտեղ ապրում են երեխաներ, չունեն կոյուղուց օգտվելու հանրավորություն։ Երբ ես կարդացի բնակիչների նամակը, ինձ սյուրռեալիստական սյուժե թվաց, մտածեցի՝ չի կարող նման բան լինել, սակայն փորձագետների ուղարկեցի, եկան ասեցին, որ իրապես իրավիճակը սարսափելի է։ Այս ընտանիքները 4 ամիս ապրում են հակահիգիենիկ պայմաններում, քաղաքապետարանից վերջին պատասխանն է եղել, թե գնացեք, փորձեք լեզու գտնել դատավորի հետ։ Այդ դեպքում հարց է առաջանում քաղաքապետարանն ու մեր պետական ինստիտուտներն ինչի համար են, որ քաղաքացիները պետք է ռազբոռկաներով հարցեր լուծեն»։
Զոհրաբյանը խոստացավ կապ հաստատել առողջապահության նախարարի հետ, քանի որ այդ հասցեում առկա է համաճարակի ռեալ վտանգ եւ կապնվելու է ՄԻՊ-ի հետ, քանի որ խախտված են մարդկանց իրավունքներ եւ կզանգահարի քաղաքապետին հարցը քննարկելու համար։
Այդ հասցեում հավաքվածները շարժվեցին քաղաքապետարան այնտեղ քաղաքապետի հետ հանդիպելու համար։
0Comments