Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի մասին օրենքում և Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ես նախկինում առիթ էի ունեցել առաջարկել իմ պատկերացրած լուծումները Սահմանադրական դատարանի հետ կապված անցումային իրավիճակը հանգուցալուծելու նպատակով, մասնավորապես, առաջարկելով փոխել Սահմանադրության 213 հոդվածը, և ֆիքսված պաշտոնավարման ժամկետ սահմանել բոլոր դատավորների համար, սա արդարացի ելք կլիներ այսօր առաջացած երկիմաստ վիճակից։
Դրա փոխարեն, գործող իշխանությունը որոշել է գնալ բացարձակ անհավանական տարբերակով՝ Սահմանադրական դատարանի դատավորներին բացահայտ կաշառք առաջարկելով կամավոր հրաժարականի դիմաց; Օգոստոսի 9-ին E-draft կայքի վրա հայտնվել է «Սահմանադրական դատարանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլ վիճահարույց դրույթների, որոնք հնարավորություն են տալիս տարբեր ճնշումներ գործադրել դատավորների նկատմամաբ, ունի այսպես կոչված «Անցումային դրույթներ», որը ներկայացնում եմ ամբողջությամբ
« 7․ Անցումային և եզրափակիչ դրույթներ
1. 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»։
Սա մեր պատմության մեջ իսկապես աննախադեպ դրույթ է, երբ Սահմանադրական դատարանի դատավորին, կոնկրետ ժամկետներում հրաժարական տալու դիմաց, առաջարկվում է աշխատավարձ (ոչ թե կենսաթոշակ) մինչև իր 65 տարեկանը, ոչ թե նրա համար, որ նա աշխատի, և պաշտպանի սահմանադրությունը, այլ չաշխատի, և թույլ տա իշխանությանը նրա փոխարեն նշանակել իրեն հարմար դատավորներ։ Սա օրենքով բացահայտ կոռուպցիա խրախուսելու առաջին դեպքն է մեր պատմության մեջ, և դա փորձում է անել մի իշխանություն, որն անընդհատ խոսում է կոռուպցիայի բացառման մասին, սակայն հիմա մեր բոլորի վճարած հարկերի հաշվին, փորձում է կաշառել Սահմանադրական դատարանի գործող դատավորներին։
Ես չգիտեմ, թե ում հրաշք մտքի ծնունդ է սա, և չգիտեմ, թե արդյոք Սահմանադրական դատարանի որևէ դատավոր իր վարքագծով առիթ է տվել իշխանությանը մտածելու, որ նա պատրաստ է այդ կաշառքը վերցնելու, և դրանով վաճառելու մեր բոլորի օրինական իրավունքները։ Ես սակայն համոզված եմ, որ այս Ազգային ժողովի ցանկացած պատգամավոր, ով կողմ կքվեարկի այսպիսի «օրենքի», կհավասարվի և կգերազանցի իր կոռումպացված նախորդներին, իսկ Սահմանադրական դատարանի ցանկացած դատավոր, որը կօգտվի այսպիսի «օրենքից», մինչև իր կյանքի վերջ կկրի անսկզբունք կոռուպցիոների խարանը, և իրավունք չի ունենա այլևս նայել իր համաքաղաքացիների աչքերին։
Մինչ այդ, կոչ եմ անում մտնել e-draft կայքը, ուսումնասիրել և ձեր դիրքորոշումը արտահայտել այս խայտառակ նախագծին, հույսով, որ այն ծանրակշիռ հիմք կլինի իշխանությունների համար՝ հրաժարվել նրա հետագա առաջխաղացումից։
0Comments