Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Գագարին թաղամասի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով միջին տարիքի տղամարդ էր, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչնեը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ ր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։ Ահազանգով ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրջեշ-փրկարարական ջոկատը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
0Comments