Չի եղել մի փաստ, որը կվկայեր այն, ինչի մասին նշված է BBC-ի հոդվածում. «Փաստինֆո»

Հաշվի չեն առել, որ քաղաքական խնդիրներ լուծելու արդյունքում մենք վտանգում ենք մեր միասնականությունը, մեր հաղթանակն ու այն արժեհամակարգը, որի համար մի ամբողջ սերունդ իր կյանքն է դրել

«Ես չեմ ուզում վերաբերմունք դրսեւորել կամ գնահատական տալ, թե ինչու է BBC-ն նման բան ասում եւ ինչու է նման կերպ ասում, թե որն է նրա աղբյուրը, ինչու է այդ աղբյուրից օգտվել եւ ինչ նպատակ է հետապնդում: Այս հարցերը ես չեմ ուզում մեկնաբանել, բայց ես կարող եմ ասել, որ ամբողջ այս տարիների ընթացքում, եւ հանձնաժողովի աշխատելու ժամանակահատվածի ընթացքում, որը տիրապետել է նաեւ փաստահավաք խմբի նյութերին, նման ինֆորմացիա չի եղել: Չի եղել մի փաստ, որը կվկայեր այն մասին, ինչի մասին նշված է այդ հոդվածում: Ես նման նյութի չեմ տիրապետել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Մարտի 1-ի գործով ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով BBC-ի ռուսական ծառայության հրապարակած հոդվածին:

«Տարի ու կես հանձնաժողովը աշխատել է, մեզ են փոխանցվել նաեւ փաստահավաք խմբի զեկույցները, նույնիսկ նրանց մասնավոր զեկույցները հանձնաժողովը ընդունել է եւ պաշտոնապես կցել է իր զեկույցին, բայց նման քննարկում, նման հիմքի, նման փաստի, որի վրա կարող էին նման պնդում անել, ես չեմ հանդիպել , հանձնաժողովը չի հանդիպել»,- մեզ հետ զրույցում շարունակեց 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

Դիտարկմանը, թե առաջին անգամը չէ, որ «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ շահարկվում է Արցախից բերված ջոկատի մասնակցության հարցը՝ Սամվել Նիկոյանն արձագանքեց. «Պետք է բնական համարել, որ այն ժամանակ ընդդիմադիր քաղաքական ուժը շահարկում է որեւէ թեզ: Դա այնքան նուրբ հարց է, որ մարդկանց, հասարակության ու ժողովրդի զգայարանների ու դատողության վրա կարող է ազդել: Դա հասարակության վարքագծի վրա ազդեցության ամենահեշտ ճանապարհն է եւ, բնականաբար, նրանք պետք է այդ հեշտ ճանապարհով գնային, ինչը եւ արել են, բայց ցավոք, հաշվի չեն առել, որ քաղաքական խնդիրներ լուծելու արդյունքում մենք վտանգում ենք մեր միասնականությունը, մեր հաղթանակն ու այն արժեհամակարգը, որի համար մի ամբողջ սերունդ իր կյանքն է դրել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: