Օգոստոսի 5-ին Արցախի Վերածննդի հրապարակում հրավիրված համահայկական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը բազմաթիվ հակասական մեկնաբանությունների առիթ է հանդիսացել: Համահայկական հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը իր խոսքը սկսեց «Միացում» կարգախոսով: 30 տարիների ընթացքում այն բազմիցս հնչել է Հայաստանի ու Արցախի հրապարակներում: Սա նոր կարգախոս չէ, բայց իր մեջ պարունակում է նուրբ տողատակեր: Նախ պետք է վերհիշենք, որ Վարչապետի պաշտոնը ստանձնելիս Նիկոլ Փաշինյանը Արցախում մամլո ասուլիս տալիս շեշտել է, որ, առանց Արցախի ներգրավման բանակցային գործընթացին, բանակցություններ չեն կարող լինել: Եվ այս կոնտեքստում, երբ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է «Միացում» կարգախոսը, արդյո՞ք սա նահանջ էր իր իսկ որդեգրած քաղաքականությունից, այսինքն՝ ջրվեց Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի հայտնի թեզը:
Եվ եթե ընդունում ենք «Միացում» կարգախոսը, արդյո՞ք Վարչապետը ի նկատի ուներ Արցախը՝ ներկայիս սահմաններով, թե՞ նախկին ԼՂԻՄ-ը:
Արդյո՞ք «Միացում» կարգախոսով Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում է ճանաչել Ղարաբաղի միացումը Հայաստանին՝ առանց յոթ շրջանների:
Հ.Գ. «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ընգծել էր, որ Արցախի հարցի լուծման համար պետք է հաշվի առնել Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների կարծիքները: 30 տարիների ընթացքում և՛ Արցախը, և՛ Հայաստանը իրենց դիրքորոշումը արտահայտել են, իսկ Ադրբեջանը ամեն անգամ շեշտում է, որ ԼՂ հարցի լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է: Վարչապետի հայտարարությունը վտանգավոր է, և կարիք կա պարզաբանման, որը պետք է հուզի քաղաքական ու հասարակական լայն շրջանակներին։
0Comments