Ամփոփվեց 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Այն հագեցած էր բազում ինքնատիպ իրադարձություններով՝ մրցութային և արտամրցութային ֆիլմեր, երևանյան պրեմիերաներ, կրթական ծրագրեր, վարպետության դասեր, քննարկումներ, հանդիպումներ, այլ իրադարձություններ:
Փառատոնն այս տարի ստացել էր ավելի քան 740 ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից: «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրի շրջանակներում հնարավոր եղավ դիտել միջազգային փառատոնների (Կանն, Բեռլին, Ռոտերդամ) ֆավորիտ ֆիլմերը ։ Այս տարի վավերագրական և խաղարկային ֆիլմերը մրցեցին նույն անվանակարգում, որպեսզի վավերագրականը լուսանցքում չմնա:
16-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման պաշտոնական արարողությունն անցկացվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, փակումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: 16 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել էր փառատոնի տարբերանշանը։ «Ծ» տառը խորհրդանշող գրաֆիկական նոր տարբերանշանի, ինչպես նաև փառատոնը ներկայացնող պաստառների հեղինակը դիզայներ Վիլյամ Կարապետյանն է։
Փառատոնի շրջանակներում գործարկվեց Talent Lab ծրագիրը, որի նպատակը կրթական և արտադրական գործառույթ իրականացնելն էր: Talent Lab-ը բաղկացած էր չորս աշխատարանից, որոնք նախատեսված են դերասանների, պրոդյուսեր/ռեժիսորների, նկարիչների, կինոքննադատների համար: Talent Lab-ի շրջանակում վարպետության դասընթացները վարեցին ոլորտի առաջատարներ աշխարհի տարբեր երկրներից:
Այս տարի GAIFF Pro կինոյի զարգացման հարթակը սկսել էր իր աշխատանքները հուլիսի 8-ին: Արդեն երկրորդ անգամ Երևանում անցկացվեց C2C տարածաշրջանային շուկան, որը նախագծեր էր ընդունել Փոքր Կովկաս տարածաշրջանից` Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից: Հայտերի ընդունման երկու ամիսների ընթացքում հարթակը ստացել է 40 կինոնախագիծ և 21 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմեր, որոնցից ընտրվել են 21-ը: Միջազգային ընտրական կոմիտեում ընդգրծված ներկայացված են եղել կինոգործիչներ Գերմանիայից, Ֆրանսիային, ԱՄՆ-ից: Նախագծերը չորս երկրներից են` Հայաստան, Թուրքիա, Վրաստան և Իրան:
«Բարձրաշխարհիկ կյանք» ֆիլմով տրվեց «Ծուռ ծիրան» էքսպերիմենտալ ծրագրի մեկնարկը («Ծուռ ծիրան» ծրագիրն անցկացվում է առաջին ագնամ, համադրողը Վիգեն Գալստյանն է:
Փառատոնային տպավորիչ իրադարձություններից մեկը «Կինոյի տաճար» ինստալացիան էր, որի անցկացման համար բացվել էին «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնի դռները։ «Կինոյի տաճար»-ն իրականացվում էր Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին։ Կինոթատրոնի մեծ նախասրահում ներկայացված է ինստալյացիա «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոտնաժից դուրս մնացած, վերկանգնված կադրերով։
Հայ առաքելական եկեղեցու կողմից սահմանվան «Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց այս տարվա լիամետրաժ ֆիլմեր ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Մինդաձեին («Եղիցի լույս» մրցանակը տրվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում 2012 թվականից)։
Փառատոնի նշանավոր իրադարձություններից մեկը փառատոնի պատվավոր հյուր, մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասի և ծագումով հայ, մոլդովացի, մոսկվայաբնակ ռեժիսոր Արթուր Արիստակեսյանի հանդիպումն էր։ Ռեյգադասը հետաքրքրված է Արիստակեսյանի գործունեությամբ, և այս իմաստով փառատոնը հանդիպման առիթ դարձավ:
Փառատոնային այս տարվա ամենամեծ ձեռքբերումը բացօթյա ցուցադրություններն էին, որոնցից 3-ը անցկացվեցին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում, մեկը՝ Ազգային ժողովի բակում: Սպասված իրադարձություն էր նաև Կոնդում տեղի ունեցած բացօթյա ցուցադրությունը.ցուցադվեց Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը։
0Comments