Պուտինը շնորհավորել է Մակրոնին Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ

ՌԴ ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների նշանակությունը Եվրոպայում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շնորհավորական ուղերձ է հղել Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները կարևոր դերակատարություն ունեն Եվրոպայում անվտանգության ապահովման համար, գրում է РИА Новости-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով: 

«ՌԴ ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների նշանակությունը Եվրոպայում անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև բազմաթիվ կարևոր միջազգային հարցերի լուծման հարցում»,- ասված է հաղորդման մեջ:

Պուտինը վստահություն է հայտնել, որ, հենվելով անցյալի բարի ավանդույթների վրա, Ռուսաստանն ու Ֆրանսիան կարող են նաև ներկա փուլում հաջող կերպով զարգացնել համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում:

Նշենք, որ Բաստիլի գրավման օրը նշվում է հուլիսի 14-ին: 1789թ.-ի այդ օրն է գրավվել Բաստիլ բանտ-ամրոցը: Այս իրադարձությունը Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբն է հանդիսացել: Որպես տոն հռչակվել է 1880թ.-ի հուլիսի 6-ին, գրում է tert.am: