Թուրքիան, որն այս օրերին ռազմական օպերացիա է իրականացնում Սիրիայում, կարող է Մերձավոր Արևելքում ոչ կանխամտածված մարտավարական հաղթանակ նվիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով, Պուտինն օգտվել է ճգնաժամից՝ Սիրիայի կառավարական ուժերը քրդերի վերահսկողության տակ եղած տարածքներ մտցնելու համար։
Նշվում է, որ սա կարևոր քայլ է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի համար երկրում վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ։ Բացի այդ, երկրի հյուսիսային սահմանների երկայնքով կառավարական զորքերի տեղակայման վերաբերյալ Սիրիայի հետ քրդերի համաձայնագրին Ռուսաստանի մասնակցությունն էլ ավելի է մեծացրել Պուտինի հեղինակությունը Մերձավոր Արևելքում։
«Eurasia Group»-ում Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրեն Այհամ Քամելը նշում է, որ Պուտինը ստիպել է իր դաշնակիցներին և մրցակիցներին խոստովանել, որ ինքը, ըստ էության, սիրիական համակամարտության մեջ դարձել է քաղաքական և ռազմական հավասարակշռության հիմքը:
Մերձավոր Արևելքի մոսկովյան փորձագետ Ելենա Սուպոնինան նույնպես կարծում է, որ Թուրքիայի հարձակումը և Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը թույլ են տվել Ռուսաստանին հասնել Սիրիայում իր նպատակներին և վերականգնել նավթով հարուստ տարածաշրջանը, գրում է analitik.am
0Comments