«Առաջ լավ էր, ախպեր, իսկ հմի լավ չի, հեչ լավ չի․․․ բնությունն էլ ա կեղտոտվել, մարդկությունն էլ հետը…»,- 2009թ․-ին Նորատուսի «Արեւորդի» էկոակումբի պատանի արեւորդիների կողմից նկարահանված «Ջրի ճամփան/The way of water» ֆիլմում պատմում է ձկնորսներից մեկը։
Ֆիլմը իրապես պատմում է ջրի անցած ճանապարհի մասին․ որտեղի՞ց եւ ինչպե՞ս են ձեւավորվում կապուտաչյա Սեւան թափվող աղբյուրները եւ ո՞ր կետում է կորում դրանց մաքրությունը։ Պատանիները դեռ 2009թ․-ին ուսումնասիրել են մի խնդիր, որն այսօր ավելի քան արդիական է։ Արեւորդիները խնդիրը ներկայացնել են իրենց աչքերով՝ Սեւանա լճի հետ ամեն օր շփվող մարդկանց աչքերով, գրում է news.am:
«Գավառագետը սկիզբ է առնում Գեղամա լեռներից, անցնում է Լանջաղբյուր, Սարուխան համայնքներով, Գավառ քաղաքով, Նորատուս համայնքով եւ թափվում է Սեւանա լիճ: Ակունքներում Գավառագետը պարզ ու ականակիտ է, սարերի հովիվն էլ է ասում, որ այստեղ գետի ջուրը կարելի է նույնիսկ խմել, իսկ հենց առաջին գյուղում գետն ամբողջովին կեղտոտ է ու աղբատեղի է դարձել: Անցնելով գյուղերի միջով` գետն ավելի ու ավելի է աղտոտվում: Եվ այդպես, ամեն գյուղից հավաքելով իր բաժին աղբը, թափվում է Սեւանա լիճը` վնասելով լիճն ու կենդանական աշխարհը: Գետի աղտոտվածությունը ցույց է տալիս մարդկանց վերաբերմունքը բնության բարիքների հանդեպ: Ֆիլմի ընթացքում երեւում է, թե ինչի է վերածվում մաքուր գետը մարդու անտարբերության ու անհոգության պատճառով»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ:
0Comments