Իրանը չի ենթարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին․ ԻՀՊԿ-ի փոխծովակալ

Մանրամասներ
իրան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը չի ենթարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին և պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հարձակման։​

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի խոսքերը մեջբերել է Mehr-ը։

Թանգսիրին ընդգծել է, որ Իրանը երբեք չի բանակցի իր հրթիռային ծրագրի կամ դիմադրության ճակատի հնարավորությունների շուրջ։ Նա նշել է, որ Իրանը ձգտում է խաղաղ հարաբերությունների իր հարևանների հետ և չի ներկայացնում սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։​

Անդրադառնալով Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությանը՝ Թանգսիրին նշել է, որ նման որոշումը բարձրաստիճան պաշտոնյաների իրավասության ներքո է, սակայն, եթե նման հրաման տրվի, իր ուժերը պատրաստ են այն իրականացնել։​ 

Թանգսիրին նաև արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ նշելով, որ չի տիրապետում Թրամփի ուղերձի մանրամասներին և չի պատրաստվում վերլուծել դրանք։ Նա ընդգծել է, որ լսում է Թրամփի սպառնալիքները, դիտարկում է նրա գործողությունները և պատրաստվում է դիմակայել դրանց։​ 

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը հավելել է, որ Իրանը հնարավորություն ունի հարվածելու թշնամու բոլոր հենակետերին, որտեղ էլ որ դրանք գտնվեն։ Նա նշել է, որ եթե Իրանի վրա հարձակում իրականացվի որևէ աշխարհագրական կետից, Իրանը պատասխան հարված կհասցնի հենց այդ վայրին։