ՍԴ-ն մերժել է Քոչարյանի պաշտպանի՝ 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը

Սահմանադրական դատարանն, ըստ էության, կալանավորման լույսի ներքո է խնդիրը դիտարկել և որոշել է, որ դեռևս կարելի է վճռաբեկ դատարան դիմել, որը դեռևս չի իրացվել. Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը:

«Միջնորդության չբավարարելը ընթացակարգային որոշում է, բնականոն գործընթաց»,- ասաց նա:

ՍԴ

Հարցին՝ ի՞նչ հիմքով են մերժել, նա պատասխանեց. «Հիմնական առանցքը սա է՝ դեռևս անհրաժեշտություն կա Վճռաբեկ դատարան դիմելու, որովհետև նաև խնդիրն ինչ-որ չափով կախված է կալանավորման որոշման հետ: Այսինքն՝ եռաստիճան դատական համակարգով կարող է նաև այդ հարցը դեռ գնահատման արժանանալ: Սահմանադրական դատարանն, ըստ էության, կալանավորման լույսի ներքո է խնդիրը դիտարկել և որոշել է, որ դեռևս կարելի է վճռաբեկ դատարան դիմել, որը դեռևս չի իրացվել»:

Իսկ թե իրենց հետագա քայլերը որոնք են լինելու, Վարդևանյանն ասաց, որ առանձնապես իրենց քայլերի հետ կապված որևէ բան չի էլ փոխում, որ դա ընթացակարգային որոշում է, և դեռևս գործի քննության փուլ ունի:

Սահմանադրական դատարանի որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 62-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

«Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով դիմողի ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Վարդևանյանի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ 2019 թվականի հունիսի 25-ի միջնորդությունը մերժել հետևյալ պատճառաբանությամբ.

1) տվյալ միջնորդության մեջ դիմողի կողմից պետք է ներկայացվեին փաստեր, որոնցով դիմողը՝ որպես այդ փաստերի ապացուցման պարտականությունը կրող սահմանադրական դատավարության մասնակից, պետք է հիմնավորեր վիճարկվող դրույթների կասեցման մասին որոշում չընդունվելու դեպքում դիմողի կամ հանրության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, մինչդեռ դիմողի կողմից այդպիսի փաստեր չեն ներկայացվել: Իսկ վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասելու՝ դիմողի կողմից բարձրացվող հարցը պետք է պարզվի դատաքննության միջոցով,

2) hաշվի առնելով այն հանգամանքը, որ Քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթի կասեցումը հանգեցնելու է վիճարկվող դրույթի հիմքով իրականացվող և իրականացվելիք ցանկացած քրեական դատավարության և քրեական հետապնդման կասեցմանը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրա համար անհրաժեշտ են շատ ծանրակշիռ հիմքեր, որոնք կփաստեն անդառնալի կամ ծանր հետևանքները դիմողի կամ հանրության համար, մինչդեռ դիմողի կալանավորման փաստի առկայությամբ և դրանով նրա հիմնական իրավունքների ենթադրյալ խախտումներով՝ հանրության համար նման հետևանքներ չեն կարող առաջանալ, իսկ դիմողն իրավունք ունի վճռաբեկ բողոք ներկայացնել իր կալանավորման իրավաչափության հարցով, ուստի նրա համար որևէ անդառնալի կամ ծանր հետևանք նույնպես չի կարող առաջանալ»: