Մասնագետները հերքել են պաղպաղակի մասին ամենատարածված «միֆերը»

Սննդաբաններն, այնուամենայնիվ, նշում են, որ մի բաժին պաղպաղակը բացասաբար չի անդրադառնա կազմվածքի վրա

Պաղպաղակն ամենասիրված ամառային քաղցրավենիքն է, որը ոչ միայն համեղ է, այլև օգնում է զովանալ, սակայն շատերը խուսափում են պաղպաղակից՝ համարելով, որ այն վնասակար է առողջության համար: Այնուամենայնիվ, պաղպաղակի վնասակարության մասին պնդումները հաճախ պարզապես «միֆեր» են, իսկ երբեմն էլ այս մթերքը կարող է անգամ օգտակար լինել:

Մանկաբույժ Ալեքսեյ Բեսսմերտնիի խոսքով՝ պաղպաղակի միջոցով իսկապես կարելի է զովանալ ամռան տապին ու խուսափել գերտաքացումից, սակայն այս մթերքը չարաշահել խորհուրդ չի տրվում, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար:

Սննդաբաններն, այնուամենայնիվ, նշում են, որ մի բաժին պաղպաղակը բացասաբար չի անդրադառնա կազմվածքի վրա, սակայն այն հարկավոր է ուտել կեսօրին, այլ ոչ թե քնելուց առաջ: Անգամ խստորեն սննդակարգին հետևելու դեպքում շաբաթական 2-3 անգամ կարելի է պաղպաղակ ուտել՝ առանց կազմվածքի մասին անհանգստանալու: Ավելին՝ այս մթերքը կարող է անգամ շատ օգտակար լինել, քանի որ հարուստ է կալցիումով:

Միևնույն ժամանակ մասնագետները նախազգուշացնում են, որ պաղպաղակը պետք է բացառապես որակյալ լինի: Նրանց խոսքով՝ այս մթերքի վնասակարությունը չափազանցված է, իսկ հակացուցված է այն միայն կաթնային սպիտակուցի նկատմամբ ալերգիա ունեցողներին, գրում է tert.am:

Այս մթերքը բարձրացնում է տրամադրությունն ու նվազեցնում զարկերակային ճնշումը: Չի համապատասխանում իրականությանը նաև այն «միֆը», համաձայն որի՝ պաղպաղակի պատճառով կարելի է հիվանդանալ: Ավելին՝ փորձը ցույց է տվել, որ պաղպաղակը հիանալի միջոց է կոկորդի ցավը մեղմելու համար: