Կյանքը մեկ անգամ է տրվում մարդուն: Բոլորը գալիս են լույս աշխարհ, հայտնվում մեկը մյուսի կյանքում լրիվ պատահական ու նույն անսպասելի ձևով էլ անհետանում են՝ առանց բացատրությունների, առանց որևէ հիմնավոր զրույցի:
Պատճառները կարող են լինել տարբեր՝ ընդհուպ մինչև այն, որ չկարողանաք դրանց մեջ որևէ իմաստ տեսնել և իրականում հարկավոր էլ չէ: Պետք է ներել ու անցնել առաջ, քանի որ նա, ով թողնում է դիմացինին առանց բացատրություն տալու, ավելի ծանր վիճակում է հայտնվում հետո:
Պարզապես մի պահ մտածեք՝ ի՞նչ եք կորցնում և հանուն ինչի՞: Ծանր կշռադատեք յուրաքանչյուր քայլ, քանի որ երբեմն դրանք լինում են անդառնալի: Աստված մեզ սովորեցնում է ներել, լինել հանդուրժող, բարեհոգի, միշտ դիմացինին պատրաստ լսելու և ապրումակցելու, բայց դրա հետ մեկտեղ Աստված մեզ սովորեցնում է նաև սիրել սեփական անձը, որ կարողանաս գնահատել դիմացինին: Ուստի երբեք վստահ մի եղեք, որ ինչպես էլ վարվեք դիմացինի հետ, նա ներելու և ընդունելու է ձեզ:
Եվ, այնուամենայնիվ, եթե որոշեք գնալ, չմոռանաք ամեն անկյունից հավաքել իրար շպրտած բոլոր վիրավորանքները, անհասցե, բայց հասցեավորված բողոքները, ճակատագրին հասցրած թուքն ու մուրը։ Չմոռանաք նետել ամենը աղբամանի մեջ:
Եթե որոշեք գնալ, չմոռանաք վերցնել գետնից բոլոր «դու ինձ պետք ես»-ները, «մնա»-ները, երկուսիդ համար կարևոր երթուղիները, իրար տվածն ու զգացածը։ Թե չէ մի օր հասարակ երթուղայինի գույնն ու համարը ձեզ կհիշեցնեն ավելի պետքականը, քան հասցրիք գետնից վերցնել:
0Comments