Նախ պետք է փայփայել ներքին ներդրողներին, որ նրանք լինեն առաջին ծիծեռնակները, որոնց կհետեւեն արտաքին ներդրողները: Այս մասին Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
Նա դժվարացավ ասել, թե ինչու են ՀՀ-ում նվազել ներդրումները, եւ որտեղ է սխալվել կառավարությունը: նա հավելեց, որ ներդրումների դեպքում ԱԱՀ հետ վերադարձի ծրագիրը գործում է 8 տարի եւ դա ներդրվել է Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ. «Շատ լավ է, որ կառավարությունը շարունակում է դա, բայց պետք է զուգահեռ մտածել նոր գործիքների մասին»:
Հարցին, թե իր կարծիքով ինչ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա այն փաստը, որ ինչպես վարչապետ Փաշինյանն է վստահեցնում, ով ինչ ուզի կարող է ներկրել, ով ինչ բիզնեսով ուզի, կարող է զբաղվել, եւ արդյոք տնտեսվարողների մոտ վախկոտություն կա ներդրումներ անելու իմաստով, Վարդան Արամյանը պատասխանեց. «Այդ հարցերը պետք է տալ մասնավոր ձեռնարկատերերին, որոնք ամեն օր շփվում են այդ միջավայրում: Կառավարությունը հայտարարում է, որ մուտքի խոչընդոտները վերացվել են, բայց դրա ճիշտ պատասխանը պետք է տան բիզնեսով զբաղվողները, որոնք կարող են փաստել, որ այո, վերացել են խոչընդոտները կամ դեռ կան խնդիրներ»:
0Comments