Եթե ասում եք՝ Սահմանադրությունը բռնաբարված է, ինչո՞ւ եք հայտնվել այդ բռնաբարված ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին

Բա որ լեգիտիմ չի, դուք այստեղ ի՞նչ եք անում, մենք ի՞նչ ենք անում այստեղ

ՍԴ դատավորի անդամի ընտրության հարցի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն  արդեն հայտարարել է՝ իրենց խմբակցությունը ՍԴ անդամի ընտրության հարցում քվեարկելու է ազատ:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը մի քանի անգամ  հասցրել է հանդես գալ այն պնդումով, որ ՍԴ դատավորի ընտրությունը քաղաքական է։ «Ինձ թվում է՝ շատ լավ հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում ձեր պնդումը։ Դուք արդարադատությունն ուզում եք փոխել, անցումային դարձել, այսինքն՝ ձեր նպատակը անկախ դատական համակարգ ապահովելն է: Հիմա այս ցանկությամբ ո՞նց եք պատկերացնում, որ ՍԴ-ն քաղաքական կոմպոնենտով ձևավորվի: Ստացվում է ի՞նչ՝ մի ձեռքով ասում եք՝ անկախ դատարան ենք ուզում, եղածները իշխանության կրունկի տակ են, մյուս ձեռքով ասում եք՝ քաղաքական ազդեցությունը պահպանենք։ Պարզ չի՞, եթե ՍԴ անդամը՝ լինեք դուք կամ որևէ մեկը՝ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներից, քաղաքական խողովակներով, նա չի կարող չծառայել քաղաքական ուժին»,-ասաց նա։

Գևորգ Պետրոսյանը շարունակեց, որ Գրիգորյանը որպես իր ապագա պաշտոնավարման անկախության երաշխիք նշում է, որ ոչ թե պոտենցիալ «ծնողների» հետ ծանոթացել է խաշի և խորովածի սեղանին, այլ բանտում, երբ մեկը մյուսին օգնել է։ «Բա՞ եղբայր, էդ որ հանկարծ ձեզ օգնած մարդը բանտային պայմաններում ձեզանից աջակցություն հայցի, ո՞նց եք բանտային օրերի վառ հիշողություններն անտեսելու: Մի՞թե այն թեկնածուները, որոնք ինչ-որ իմաստով տապալվեցին, նրանց թերությունն այն էր, որ բանտում չեն գտնվել»,-հարցրեց նա և նշեց, թե ինքը ակնկալում է, որ պետք է կարևորեն ոչ թե բանտային անցյալը, այլ մասնագիտական ունակությունները, փորձը։ 

Մի քանի դիտարկումից բացի՝ Գևորգ Պետրոսյանը նաև նշեց, թե Վահե Գրիգորյանը շատ անհաջող սրամտություն արեց, երբ ասաց, որ «գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է»։ «Ես չեմ ուզում հարցնեմ բռնաբարողն ով է եղել, բռնաբարվողն՝ ով, բայց եթե այդպես է, ինչո՞ւ եք հայտնվել այդ բռնաբարված ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդ ուսերով  հանգրվանել ՍԴ-ում»,-ասաց նա։

ԲՀԿ-ական պատգամավորը ԴՍ դատավորի թեկնածուին հիշեցրեց, որ վերջինս ժամանակին հայտարարել է, թե ՀՀ նախագահը լեգիտիմ չէ։ «Բա որ լեգիտիմ չի, դուք այստեղ ի՞նչ եք անում, մենք ի՞նչ ենք անում այստեղ: Իսկ կարո՞ղ է հանկարծ մի օր նախագահը որոշի դիմել ՍԴ և դուք էլ այդ համոզմունքով ասեք՝ «ոչ լեգիտիմ նախագահ եք, Ձեր դիմումը չեմ քննում»։ Փոխարենը փորձեք խմբագրել ձեր ասածը հանուն ճշմարտության, շուռ եք գալիս, ասում... ուրեմն ԱԺ-ն էլ լեգիտիմ չի: Բա մենք ի՞նչ ենք անում այստեղ, պարապ ենք մնացել, եկել ինքնահիացմա՞մբ ենք զբաղված»,-ասաց նա։

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, թե ինքը բարոյական դասեր տալու իրավունք չունի, բայց իրավունք ունի ասել, որ այո՛, դատավորները պարտավոր են առաջնորդվել օրենքով, ինչպես Գրիգորյանն է ասում։ «Բայց, այնուամենայնիվ, կյանքում չանտեսեք նաև բարոյական կողմը, և եթե դուք մի սուբյեկտի անվանում եք «ոչ լեգիտիմ», իմ կարծիքով՝ բարոյական չէ այդ ոչ լեգիտիմ սուբյեկտի կողմից առաջնորդվելը և ամեն գնով ՍԴ-ի հաստիքը ծանրաբեռնելը»,-ասաց նա։