Նախագահի կողմից Վահե Գրիգորյանին երկրորդ անգամ Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրելու հարցի վերաբերյալ սահմանադրականությունը միանշանակ չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Կա բավականին ծանրակշիռ մոտեցում, որ նույն անձին իրավունք չունի Հանրապետության նախագահը նույն տեղի համար կրկին առաջադրել: Բայց Վահե Գրիգորյանի առաջադրումից հետո նախագահի աշխատակազմի տրված պարզաբանումներում, փաստացի, խոսքը վերաբերում էր նրան, որ ԱԺ-ի մեծամասնությունն ակնկալում էր միայն մեկ թեկնածուի, և այդ թեկնածուին ՀՀ նախագահը, փաստորեն, տուրք տալով այդ ճնշումներին, ներկայացրեց»,- նշեց նա:
Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ համանման իրավիճակում ՀԿ-ներից մեկի կողմից բարձրացված հարցի հիման վրա նախորդ գումարման ԱԺ-ի երկու խմբակցություններ՝ «Ելքը», որի կազմում նաև ՔՊ-ն, ԼՀԿ-ն, և «Ծառուկյան» դաշինքը, որի կորիզը ԲՀԿ-ն էր, չմասնակցեցին ՍԴ դատավորի ընտրությանը:
«Այս երկու խմբակցությունները, քաղհասարակության կոչին հետևելով, չեն մասնակցել քվեարկությանը, երբ առանց որևէ ընթացակարգի ներկայացված է եղել թեկնածու: Մեր կազմակերպությունը՝ «Իրավական ուղին», ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերին կոչ է արել կրկին չմասնակցել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի քվեարկությանը: Մենք հայելի ենք ցույց տալիս, մենք ասում ենք՝ իրավիճակը նույնն է, և ինչո՞ւ պետք է այս անգամ նույն քաղաքական ուժերը այլ մոտեցում դրսևորեն»,- ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը:
Ռուբեն Մելիքյանը նաև նկատում է, որ ներկայիս իշխանությունները կատարում են նույն քայլերը, ինչի համար նախորդ իշխանություններին հենց իրենք էին քննադատում:
«Տարիներ շարունակ բազմաթիվ մարդիկ քննադատել են նախորդ իշխանություններին այն բանի համար, որ նրանք տարբեր տեղեր, ըստ քննադատների, յուրայիններ են ներկայացրել, ընդ որում այն պաշտոններում, որոնք ենթադրում են չեզոքության շատ ավելի մակարդակ: Այսօր նույնն է արվում, ես կասեի՝ ավելի վատ ձևով է արվում: Ստացվում է, որ այն ժամանակ այդ քննադատությունները ոչ թե ժողովրդավարական բնույթ էին կրում, ոչ թե երկիրն առաջ տանելուն էին ուղղված, այլ պարզապես նեղ շահերի տեսանկյունից էին իրականացվում»,- ասաց նա:
Անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ նախագահ Արմեն Սարգսյանին վերաբերող այն հայտարարությանը, որ «տխմարագույն դեմագոգն» ընտրվեց ՀՀ նախագահ, Ռուբեն Մելիքյանը նշեց. «Էթիկայի հարց է: Մարդն այսպիսի հայտարարություններ օգտագործած անձին առաջադրում է, դա էթիկայի տիրույթում ինչքանով է ճիշտ, ինչքանով՝ սխալ»:
Օրերս ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ պատրաստ է ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը:
«Եթե որևէ մեկին հարցնեն, թե ինչ-որ մի պաշտոն պատրաստ է ստանձնել, եթե այդ պաշտոնը զբաղեցված է այլ անձի կողմից, կարծում եմ՝ էթիկապես ավելի ճիշտ կլիներ այն պատասխանը, որ գիտեք, մարդն աշխատում է, և ճիշտ չէ այս հարցին պատասխանելը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը: 7-րդ գումարման ԱԺ-ն մայիսի 29–ին մերժել էր ՍԴ անդամի թափուր տեղի համար Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին` Արթուր Վաղարշյանին, իսկ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվել էր 2019թ.–ի ապրիլին: ՍԴ դատավորի պաշտոնը թափուր էր մնացել 2017թ.-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում:
Նշենք նաև, որ վաղը՝ հունիսի 18-ին, ԱԺ հերթական նիստի օրակարգում ընդգրկված է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:
0Comments