Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը մի առիթով առաջարկել էր 3-ից 5 տարով որսն ընհանրապես արգելել: Նշենք, որ Հայաստանում որսը թույլատրվում և որսի սեզոնը փակվում է Շրջակա միջավայրի նախարարի հրամանով, որտեղ նշվում են նաև այն թռչնատեսկաները և կենդատանատեսակները, որոնք կարելի է որսալ և ինչ քանակությամբ:
Հավելենք նաև, որ Հայաստանում 10-ից ավելի որսորդմիություն կա, շուրջ 60 հազար գրանցված որսորդներով, որոնք ունեն համապատասխան զենք կրելու իրավունք:
«Եթե ընդհանրապես որսն արգելեցին հեշտանալո՞ւ է ապօրինի որսի հսկողությունը: Հիմա էլ որսի սեզոնը փակ է, ևս երկու ամիս փակ է լինելու, համարենք արգելված է, վերահսկողությունն ինչպե՞ս է իրականցվում: Եթե տարվա կտրվածքով 6 ամիս չեն կարողանում վերահսկել ապօրինի որսը՝ 3 տարի ինչպե՞ս են վերահսկելու: Լորի, կաքավի որսը հիմա արգելված է, սակայն խփում են, արգելես-չարգելես՝ միևնույն է որսագողերը խփելու են»,- Analitik.am-ի հետ զրույցում ասաց Որսորդական ՀԿ-ների ղեկավարների խորհրդի անդամ Էդուարդ Սարիբեկյանը:
Նա նաև նշեց, որ որսորդմիությունները և օրինավոր որսորդները շահագրգռված են, որ կենդանիներ շատ լինեն, իսկ որսագողերը թքած ունեն ցանկացած արգելքի և սեզոնի վրա: Է. Սարիբեկյանը նաև տեղեկացրեց, որ նամակներ են ուղարկել վարչապետին, նաև նախորդ երեք կառավարություններին էլ համագործակցության առաջարկ է արվել՝ կարգավորելու ոլորտը, օրենսդրությունը, որսագողության դեմ պայքարը, սակայն զրո արդյունք:
«Առաջարկում ենք որսորդական կազմակերպությունների և ոլորտի պատասխանատուների համատեղ աշխատանքային հարթակ ստեղծել: Թեև Արծվիկ Մինասյանի պաշտոնավարման օրոք գործընթաց կար և հույսեր կային, որ համագործակցությունը կկայանա, սակայն իշխանափոխությունից հետ Շրջակա միջավայրի (այն ժամանակ՝ բնապահպանության) նախարար էրիկ Գրիգորյանը հենց առաջին հանդիպման ժամանակ ասաց, որ դրա ժամանակը չէ և այս պահին դրա ակտուալությունը չկա»,- ասաց Է. Սարիբեկյանը:
Ըստ նրա, վերջին նամակը կառավարությունն ուղարկել է Կենսառեսուրսների գործակալություն և երևի այնտեղ էլ չգիտեն՝ ինչպես վարվել նամակի հետ: Որսագողության դեմ պայքարի հաջողությունը նա տեսնում է հասարակական վերահսկողության մասշտաբների մեծացման մեջ. ժամանակին որսորդմիություններին կից գործում էին վերահսկող տեսչական խմբեր, ովքեր հետևում էին ապօրինություններին և աշխատավարձ էին ստանում, սակայն այժմ այդ տեսչական խմբերը չկան և վերահսկողությունը գրեթե զրոյական է:
«Որսի մասին օրենքն արմատապես փոխել ու վերանայել է պետք, արդյունքում պետք է այնպիսի օրենք ընդունվի, որ որսը դառնա ինդուստրիայի ճյուղ, այսինքն՝ որոշ որսը օրինականցնեն և պատշաճ հարկեն: Աշխարհի շատ երկրների որսորդությունը պետական բյուջեի զգալի մասն է ապահովում, և մենք էլ կարող ենք: Պետք է նաև մեծացվի ապօրինի որսի ու որսագողության նկատմամբ տուգանքների չափը, նույնիսկ քարայծի ապօրինի որսի համար կարելի է 100 մլն դրամ տուգանել»,- ասաց էդուարդ Սարիբեկյանը, միաժամանակ կարևորելով էկոկրթության խնդիրը մարդ-բնություն շփումներում:
«Դպրոցներում, մանկապարտեզներում և բուհական հաստատություններում պետք է էկոկրթական դասընթացներ լինեն, մենք այսպես կարող ենք մեր երեխաներին գրագետ բնության պահպանություն սովորեցնել»,- ասաց նա:
Է. Սարիբեկյանը նկատեց նաև, որ որսի հնարավոր սահմանափակումների մասին լուրերը որսորդական հանրության շրջանակներում մեծ անհանգստություն են առաջացրել, և կառավարության լռությունն էլ ավելի է սրում ստեղծված լարվածությունը: Որսորդական ՀԿ-ների ղեկավարները վարչապետ Փաշինյանին իրենց վերջին դիմում-նամակում տեղեկացրել են դրա մասին և զգուշացրել, որ ստեղծված իրավիճակում զարգացումները կարող են ստանալ անկառավարելի բնույթ: Պատասխան կրկին չկա:
0Comments