Հայաստանում քաղաքական գործընթացներ չկան

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի խոսքով՝ թեպետ այսօր Հանրապետականն այլևս իշխանություն չէ, բայց միշտ կանգնած է ՀՀ սահմանադրութան պաշտպանության համար

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի խոսքով՝ թեպետ այսօր Հանրապետականն այլևս իշխանություն չէ, բայց միշտ կանգնած է ՀՀ սահմանադրութան պաշտպանության համար։

«Մենք անընդատ ձգտել ենք ունենալ անկախ և միավորված պետություն, և ժամանակն է եկել, որպեսզի գնանք այդ ճանապարհով։ Կարծում եմ՝ բոլորը կմիավորվեն և կմտածեն այս ամենի մասին, որպեսզի ապագայում կարողանանք  ավելի երջանիկ ապրել»,-ասաց Գալուստ Սահակյանը։

168.am-ի հարցին՝ Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացներին հետևո՞ւմ է, ի՞նչ տպավորություններ է ստացել, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այսօր Հայաստանում քաղաքական գործընթացներ չկան, քաղաքականությամբ զբաղվում է միայն Հանրապետականը։

«Մյուսները հավաքվել են և մտածում են ինչ-որ բան անելու մասին։ Երկիրը չունի խորհրդարան ու կառավարություն, միայն Նիկոլն է, որը կարողանում է իր մոտեցումներով ինչ-որ մի բան անել, ժողովուրդն էլ մտածում է, որ լավ բան է անում, դե մենք էլ մտածենք, որ լավ բան են անում»,-շեշտեց Գալուստ Սահակյանը։

Հաջորդ հարցին՝ որքա՞ն ժամանակ է պետք մտածելու համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց.«Ինքս արդեն մտածել վերջացրել եմ, և մենք գնում ենք դեպի ապագա Հայաստան։ Ի դեպ, երբեմն-երբեմն ասում են Նոր Հայաստան, ասեմ, որ Հայաստանը մեկն է և այս 5 հազար տարիների ընթացքում երբեք չի փոփոխվել։ Գոյություն ունի մեկ Հայաստան, չկա հին ու նորը»,-ընդգծեց Գալուստ Սահակյանը։

Անդրադառնալով իշխանության տարբեր ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ երկրում սահմանադրական ճգնաժամ է, Գ. Սահակյանն ասաց, որ դրանք կարծիքներ են,  որոնք կարող են լինել, բայց հստակ է, որ երկիրն ունի Սահմանադրություն։

Թե ի՞նչ դրական փոփոխությունենր է տեսել հեղափոխությունից հետո, Գալուստ Սահակյանն ասաց, որ Հայաստանում երբեք հեղափոխություն չի եղել։

«Երբ հեղափոխությունները լինում են, հետագայի համար ունենում են որոշակի որակներ։ 100 տարի Ֆրանսիայում չէին ընդունում հեղափոխությունը, քանի որ այն ամեն ինչ քարուքանդ էր արել։ Մեր ժողովրդի ու նրա ապրելակերպի համար չկան հեղափոխություններ, մենք մեկ խնդիր ունենք՝ ունենալ հայոց պետականություն։ Մեր ժողովուրդը պետք է սա գիտակցի, մեզ համար անընդունելի են այնպիսի դրսևորումները, որոնք մեր ազգային հիմնական մոտեցումներից հեռու են»,-շեշտեց Գալուստ Սահակյանը։