Վերջերս հաճախ է խոսվում առանց մեղադրական ակտի հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման, անցումային արդարադատության և այլ գործիքների մասին։ Ենթադրում եմ, որ մեր իշխանությունների այս քաղաքականությունն ուղղված է հասարակության ունևոր խավի հաշվին առավել չունևոր խավի պահանջմունքները բավարարելուն, ինչի մասին անուղղակիորեն ակնարկեց Փաշինյանն իր երկարաշունչ ասուլիսներից մեկի ժամանակ։
Իսկ մեր հասարակության չունևոր խավին ինչ-որ մեկը բացատրե՞լ է, որ այս գործընթացի արդյունքում իրենց կյանքը չի լավանալու, չի փոխվելու իրենց կենսակերպը, այլ առաջացնելու է դասակարգային թշնամություն, պայքար, որոշ դեպքերում՝ հակամարտություն։ Արդյո՞ք սա է ուզում մեր հասարակության չունևոր խավը, կամ հասկանո՞ւմ են այս պարզ իրողությունը իշխանության այն մարմինները, որոնք ինչ-ինչ պատճառներով առաջ են տանում այս վտանգավոր մեխանիզմները։
Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ հարուստներին աղքատացնելու փոխարեն կարելի է մտածել և աշխատել աղքատներին հարստացնելու ուղղությամբ։ Հասկանում եմ, որ սա շատ ավելի բարդ խնդիր է, պահանջում է համակարգային և դոկտրինալ մտածողություն, տնտեսության և պետական կառավարման համակարգային բարեփոխումներ, բայց դա պետք է անել։ Հարուստներին չքավոր խավի աչքերում սատանայի կերպար տալով և դասակարգային թշնամություն սերմանելով աղքատության մեջ գտնվող մեր քաղաքացիների կյանքը չի փոխվելու, քանի դեռ նրանք չեն սկսել աշխատել և իրենց աշխատանքով իրենց ընտանիքների և պետության համար բարիք ու արժեք ստեղծել։
Եկեք մտածենք այս ուղղությամբ, փոխենք մեր մոտեցումները, աշխատենք աղքատներին հարստացնելու, այլ ոչ թե հարուստներին աղքատացնելու ուղղությամբ։
Հավատացնում եմ՝ դա հնարավոր է։
0Comments