Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառել է, թե որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, ինչի մասին երեկ Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նախօրեին Վանաձորում «Ազատության» հարցին ի պատասխան պաշտպանության նախարարն ասել է․ «Որպես Պաշտպանության նախարար, ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստանում հնարավոր չէ դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «կան այնպիսի ուժեր և գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ»։ Նա նաև նկատել էր, թե վերլուծելով իրավիճակը, դրա տակ տեսնում է «ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:
Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հարցին պաշտպանության նախարարն արձագանքել է․ - «Ռազմական գործողությունները հնարավոր է, որ իրականացվեն տարբեր պատճառներով: Հնարավոր է»:
Պաշտոնական կողմը մտել է պատերազմի նախաշեմ ազդարարող ռեժիմ: Մի կողմից Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացնում, իսկ Հայաստանում, կարծես, ակամայից այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որպեսզի Ադրբեջանն արդարացնի առանց այն էլ սադրելու ու պատերազմ հրահրելու իր քաղաքականությունը:
Ինչ է մնում Տոնոյանին, եթե ոչ կտրուկ շտկել իրավիճակն ու վերջակետ դնել հայկական կողմի համար իրապես վտանգավոր քննարկումներին:
Գիտակցել է արդյոք բանակը ղեկավարողը, թե ինչ վտանգ է հասցված Հայաստանի ու Արցախի սահմաններին: Հե՞շտ է լինելու վերացնել այս մթնոլորտը, ու Ալիևի «բերանը լեզու դնելուց» ու Ադրբեջանի ձեռքին խաղաքարտ դնելուց հետո շտկել իրավիճակը...
Մենք մեր ձեռքով խնդիրներ ստեղծելու հարցում, ինչպես երևում է, մրցակից չունենք: hayeli.am
0Comments