Փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր 13:30-ին դատական նիստ է ունեցել, սակայն չի կարողացել մուտք գործել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը:
«Կենտրոնի դատարանի մոտ խոչընդոտել են իմ մասնագիտական պարտականությունների կատարմանը: Տեղում ոստիկանները որևէ միջամտություն չեն ցուցաբերել այդ հանցագործությունը վերացնելու համար: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ դատարանների վերապահված արդարադատության իրականացման ֆունկցիան ապօրինաբար վերցված էր»,- ասաց նա:
Tert.am-ի ճշտող հարցին՝ հանցագործության մասին հաղորդում տալո՞ւ է, նա ասաց, որ միջադեպը տեղի է ունեցել բազմաթիվ իրավապահների աչքի առաջ: «Իմ փաստաբան լինելու հանգամանքի հետ կապված վիրավորանքներ էին տեղում, ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որևէ գործողություն չէին իրականացնում: Նրանք կարող էին նյութեր նախապատրաստել, ապա քրեական գործ հարուցել, բայց ինչպես տեսնում ենք, քանի որ դա իշխող քաղաքական ուժի պահանջն է եղել, իրավապահ մարմիններն էլ գտնվում են իշխող քաղաքական ուժի ենթակայության տակ, որևէ գործառույթ ու գործողություն այս պահի դրությամբ չի իրականացվում. ընդ որում, ակնհայտ էր, որ վիճակը թեժ է, որովհետև ոստիկանության աշխատողներն ինձ հորդորում էին հեռանալ դատարանի մոտից՝ իմ անվտանգությունից ելնելով»,- ասաց նա և հավելեց.
«Այսինքն` ՀՀ քաղաքացին, փաստաբանների պալատի փաստաբանն իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ անվտանգության որևէ երաշխիք չունի»:
Հարցին՝ նա տեղյակ եղե՞լ է, որ այսօր պետք է դատարանների մուտքերը փակվեին, նա նշեց, որ իր պաշտպանյալին օրենքով չարգելված ցանկացած միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալու համար նախապես նշանակված դատական նիստին է գնացել:
«Ես հույս եմ ունեցել, որ ողջամտությունը ՀՀ քաղաքացիների մոտ առավել կլինի և հակասահմանադրական ու ապօրինի կոչերին չեն ենթարկվի: Տպավորություն է՝ վաղը ես կոչ անեմ, օրինակ, ԱԺ դուռը շրջափակել իմ ուզած օրենսդրական նախաձեռնությունը ընդունելու համար, ԱԺ մնացած պատգամավորներն այդ կոչին հետևելով չգնան աշխատանքի վայր: Ես կարծում էի, որ ապօրինի կոչերին ենթարկվողները շատ ավելի քիչ կլինեն, ու այն, ինչ տեղի ունեցավ, տեղի չէր ունենա»,- նշեց Միհրան Պողոսյանը:
Նա շեշտեց, որ վարչապետի այդ կոչը՝ շրջափակել դատարանների ելքերն ու մուտքերը, ապօրինի էր և իր կարծիքով՝ օրենքից, Սահմանադրությունից, ողջամտությունից մի փոքր պատկերացում ունեցող ցանկացած անձ տեսնում էր, որ այդ կոչն ապօրինի է եղել:
«Իշխանությունների տարանջատման սկզբունք գոյություն ունի, ըստ որի, ՀՀ-ում գործում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանություն, ընդ որում, մեկը մյուսի նկատմամբ օժտված են վերահսկողական ֆունկցիաներով: Այսօրվա դրությամբ նույն գործադիր իշխանության վարչական ակտերի օրինական լինել կամ չլինելը հաստատվում է դատական իշխանության միջոցով: Ի՞նչ է նշանակում իշխանության մի ճյուղը արգելափակի մյուս ճյուղի գործողությունները»,- եզրափակեց փաստաբանը:
0Comments