«Միասին» շարժումը ԱԺ ուժերից պահանջում է անվստահություն հայտնել Փաշինյանին

Մանրամասներ
«Միասին» շարժում

«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ 3 խմբակցություններին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել։

Այս մասին նշված է շարժման տարածած պահանջագիր-հայտարարությունում:

Պահանջագրում ասվում է, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքը նրա կողմից 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.)» օրենքի ուժ ունեցող փաստաթղթի հիմնական բովանդակության բացարձակ խախտումն է։

Շարժման անդամները հիշյալ փաստաթղթում ամրագրված նպատակների և սկզբունքների խախտումների մի քանի օրինակ են ներկայացրել։ Մասնավորապես, բանակն առ այսօր ձեռք չի բերել ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ, որի առկայությունը կզսպի թշնամու՝ մեր երկրի տարածքների նկատմամբ անհեթեթ և անհիմն պահանջատիրությունը։

«Հայ-ռուսական ռազմավարական դաշինքին վերաբերող պարբերությունում ամրագրված արձանագրում-պարտավորությունները ոչ միայն չեն կատարվել, այլև ամբողջությամբ տապալվել են։ ՀՀ կառավարությունը հարկ չի համարել դիմելու ԱԺ-ին՝ ռազմավարական դաշնակցի հետ իր կողմից խաթարված ծրագրի նոր սկզբունքները հաստատելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

«Շարժումը» հիշեցնում է, որ «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին» պարբերությունում կառավարությունը հավաստիացրել էր, թե «շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին»։

«Միասին» շարժումը պատրաստ է ներկայացնել ՀՀ վարչապետի թեկնածու։ Պահանջագրում շեշտվում է, որ ԱԺ խմբակցություններից ակնկալում են հայտնել իրենց որոշման մասին մինչև ապրիլի 10-ը։