Հատուկ գելը կսոսնձի սրտի վրայի կտրվածքները

Չժեցզյանի համալսարանից Հունվեյ Օույանը նշում է, որ այսօր կլինիկական պրակտիկայում կիրառվող ոչ մի այլ մեթոդ չի կարող ցուցադրել այդքան բարձր արդյունավետություն դեռեւս բաբախող սրտի արյունահոսությունը դադարեցնելիս

Չինաստանից եւ ԱՄՆ-ից գիտնականները հատուկ գել են մշակել, որը կարող է 20 վայրկյանում սոսնձել սրտի վրայի կտրվածքները, ինչպես նաեւ վնասված անոթները: 

Չժեցզյանի համալսարանից (Չինաստան) Հունվեյ Օույանը նշում է, որ այսօր կլինիկական պրակտիկայում կիրառվող ոչ մի այլ մեթոդ չի կարող ցուցադրել այդքան բարձր արդյունավետություն դեռեւս բաբախող սրտի արյունահոսությունը դադարեցնելիս: Փորձերի ժամանակ գելի միջոցով սոսնձվել են խոզերի սրտի վրա 6 մմ տրամագծով վնասվածքները: Երկու շաբաթ հետո կենդանիներին վիրահատելով գիտնականները լուրջ բորբոքային պրոցեսներ չեն հայտնաբերել:

Նոր գելակերպ նյութը կարող է դիմանալ մի քանի 100 անգամ ավելի բարձր ճնշման, քան սովորական սուպերսոսինձը: Գիտնականներն այն ստեղծելիս օգտագործել են դոնդողանյութի տարբեր ածանցյալներ, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթման դեպքում ունակ են վերափոխվելու պոլիմերային թելերի: Այնուհետեւ դրանք միախառնվել են գիալուրաթթվին, բուտանամիդին եւ մի շարք այլ նյութերի: Ստացված նյութը սրտամկանի մակերեւույթին է ամրացվում ճառագայթման սկզբից ընդամենը 20 վայրկյան:

Գիտնականները հավաստիացնում են, որ նորարարական գելը բացարձակապես անվտանգ է մարդու օրգանիզմի համար եւ իր ամրությունը չի կորցնում մի քանի շաբաթ: Այս ժամկետը բավական է, որպեսզի վնասվածքը աստիճանաբար ծածկվի նոր բջիջներով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում: