Դեռևս ապրիլ ամսին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հայտարարել էր լրագրողների և մեդիա-կազմակերպությունների համար ենթադրամաշնորհների տրամադրման մրցույթ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կողմից իրականացվող աշխատանքների լուսաբանման համար: Ենթադրամաշնորհների մրցույթը հայտարարված էր «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում էին «Բաց հասարակության հիմնադրամ Հայաստանը»՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` համագործակցելով «Հանրային քաղաքականության ինստիտուտ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունների հետ:
Լրագրողներն ընտրվել էին առցանց տարբերակով ներկայացված հայտերի հիման վրա։ Ենթադրամաշնորհների տրամադրման կարգի և լրագրողական թեմաների ներկայացման համար ապրիլի 12-14-ը, ընտրված լրագրողների համար, Աղվերանում կազմակերպվեց երկօրյա լրագրության դպրոց, որտեղ հանդես եկան նաև իրավապաշտպաններ Արթուր Սաքունցն ու Զարուհի Հովհաննիսյանը։ Ներկայացվող թեմաների շարքում էր արդար դատավարության իրավունքը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցն անդրադառնալով թեմային` մեջբերեց մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի գործը, նշելով, որ ԱԱԾ-ն այն ժամանակ ապօրինություն է թույլ տվել՝ տեսաձայնագրելով Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից անչափահասների նկատմամբ կատարած սեռական ոտնձգությունները։
«Օպերատիվ հետազոտություն ասվածի լայն շրջանակներում քթները խոթում են մինչև մարդու անկողին և ապօրինի ձեռք բերված տեսանյութերով մարդկանց վարկաբեկում», ասաց Սաքունցը։ Այս դիտարկումը ընկալելի կլիներ գրեթե ցանկացած դեպքում, բացառությամբ անչափահասների՝ երեխաների հանդեպ սեռական ոտնձգության դեպքերը։ Ստացվում է Արթուր Սաքունցը քննադատում է ԱԱԾ-ին հանցագործության բացահայտման համար, կարծում է, որ օրինական մեթոդներով առաջնորդվելու դեպքում ԱԱԾ-ն չէր տեսաձայնագրի հանցագործությունը՝ ոչինչ, որ այն չբացահայտվեր եւ մանկապիղծը պատիժ չկրեր, կարեւորը օրինականության հաղթանակն է։
Ենթադրամաշնորհների համար ներկայացվող թեմաներից էին նաև կանանց իրավունքների և ընտանեկան բռնության բացառման հիմնահարցերը, որը ներկայացնում էր իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Նա իր խոսքում անդրադառնալով կանանց իրավունքներին եւ ընտանեկան բռնության կանխարգելմանը, մեջբերեց վիճակագրության տվյալներ, նշելով, որ երեխաների հանդեպ սեռական բռնությունների 47 տոկոսը կատարվում է ընտանիքում։ Ես հետաքրքրվեցի՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», որտեղ աշխատում է Զարուհի Հովհաննիսյանը, զբաղվ՞ում է երեխաների հանդեպ ընտանիքում կատարվող սեռական ոտնձգությունների հարցերով, իրավապաշտպանը խորհուրդ տվեց զանգահարել կոալիցիայի թեժ գիծ, ներկայացնել խնդիրը և հանդիպել մանկական հոգեբանի հետ։ Այդպես էլ արեցի՝ ապրիլի 14-ին զանգահարեցի Կոալիցիայի թեժ գծին, հեռախոսավարը տվյալներն ու խնդիրը գրանցելուց հետո ասաց. «Այսօր, կիրակի է, հոգեբանն այսօր չի աշխատում, վաղը Ձեզ կզանգահարեն և հանդիպման համար ժամ և վայր կպայմանավորվեն»։ Սակայն մինչ օրս այդպես էլ չեն զագահարել։ Ենթադրվում է, որ Կոալիցիան զբաղվում է, ոչ թե բռնության ենթարկվածներին օգնության ձեռք մեկնելով, այլ հեռախոսազանգերը, որպես փաստացի տվյալ ֆիքսելով։
0Comments