Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հանրությանը կոչ է արել հրաժարվել հակամուսուլմանական հռետորաբանությունից: Ուրբաթ Daily News պարբերականը հայտնել է, որ պետության ղեկավարն այս հայտարարությունը կատարել է իր նստավայրում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Պայթյունների պատճառով, որոնք իրագործել են մի քանի ծայրահեղականներ, մուսուլմանների հանդեպ ատելությամբ մի լցվեք: Որովհետեւ բոլոր մուսուլմանները դատապարտում են այս հրեշավոր հարձակումը»,- շեշտել է Սիրիսենան: Նա հավաստիացրել է, որ շուտով տեղական ահաբեկչական խմբավորումների անդամները կկալանավորվեն, եւ Շրի Լանկան կկարողանա վերադառնալ նորմալ կյանքին:
Շրի Լանկայի բնակիչների մեծամասնությունը բուդդայականներ են, մնացյալը՝ հինդուիստներ, մուսուլմաններ, քրիստոնյաներ: Ինքը՝ Մայթրիփալա Սիրիսենան բուդդայական է ու բուսակեր: 2018 թվականի մարտին այս երկրի իշխանությունները արտակարգ դրություն էին սահմանել մուսուլմանների եւ սինհալների միջեւ բախումների պատճառով, որոնք կազմում են երկրի բնակչության մեծ մասը:
Շրի Լանկայում ապրիլի 21-ին տեղի էր ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը: Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում ընդհանուր տեղի էր ունեցել 8 պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի ժամերգության ժամանակ եւ հյուրանոցներում: Հաղորդվում էր 359 զոհի մասին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այս թիվը բժիշկները սխալմամբ մեծացրել են: Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է մոտ 250 մարդ: Հայտնի է, որ ձերբակալվածների թիվը կազմում է մոտ 80:
0Comments