Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհակալություն է հայտնել բոլոր հրշեջներին ու փրկարարներին, որոնք մասնակցել են ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին, հաղորդում է Վատիկանի մամուլի ծառայությունը:
«Օգտվելով առիթից՝ Աստվածամոր տաճարի հրդեհից հետո իմ զորակցությունն եմ հայտնում Փարիզի հոգևոր համայնքին, բոլոր փարիզցիներին և ֆրանսիացի ազգին»,- ասել է կաթոլիկների առաջնորդը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների առաջ ելույթ ունենալիս:
«Ես շատ վշտացա կատարվածով և իմ զորակցությունն եմ հայտնում բոլորին: Ամբողջ եկեղեցին երախտապարտ է նրանց, ովքեր, վտանգելով սեփական կյանքը, ամեն ինչ արեցին տաճարը փրկելու համար: Թող Մարիամ Աստվածածինն օրհնի նրանց և աջակցի վերակառուցման գործում»,- հավելել է Հռոմի պապը:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 18:50-ի սահմաններում: Հրդեհի հետևանքով փլվել են տաճարի սայրաձողը, փայտե կառույցները, տանիքը, տաճարը մեծապես տուժել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Ժամեր անց հաղորդվել է, որ կրակը տեղայնացվել, այնուհետև մարվել է: Հրշեջներին հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառույցը:
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարած հրշեջներին
Ամբողջ եկեղեցին երախտապարտ է նրանց, ովքեր, վտանգելով սեփական կյանքը, ամեն ինչ արեցին տաճարը փրկելու համար
0Comments