Ադրբեջանական բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի. Բաքվի պատասխանը Դավիթ Տոնոյանին

Բանակի գործառույթն անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ երկրի անվտանգության ու պաշտպանության ապահովումն է, որը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի

Աշխարհում չկա այնպիսի պետություն, որի բանակը պատրաստվի խաղաղության: Խնդիր է դրված պատրաստվել պատերազմի, այլ ոչ թե խաղաղության: Այդ մասին, ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլըն, փոխանցում է minval.az-ը:

«Բանակի գործառույթն անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ երկրի անվտանգության ու պաշտպանության ապահովումն է, որը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը:

Ըստ նրա, եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «հայ զինվորները պետք է անհապաղ լքեն ադրբեջանական հողերը»:

Նա նշել է, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ ադրբեջանական բանակը խաղաղության մասին կարող է մտածել «միայն օկուպացված տարածքներն ազատագրելուց հետո»:

«Ներկայիս պայմաններում ադրբեջանական բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»,- ասել է Դարգյախլըն: