Իրանը պատրաստ չէ իր առաջնորդի նվաստացմանը. Մոհաջերանին` ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին

Մանրամասներ
Իրան

ԱՄՆ-ի կողմից «առավելագույն ճնշման» քաղաքականությունը խնդիրներ է ստեղծել Իրանի համար, սակայն իրանական հասարակությունը պատրաստ չէ ականատես լինել այն նվաստացմանը, որը զգացել է Ուկրաինան նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների ժամանակ: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

Նրա հայտարարությունը հնչել է Սպիտակ տանը վերջերս տեղի ունեցած միջադեպի ֆոնին, որտեղ Ուկրաինայի ընդերքի շահագործման մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել էր Վլադիմիր Զելենսկուն: ԱՄՆ նախագահը պահանջում էր համաձայնել հրադադարին և դադարեցնել Ռուսաստանի քննադատությունը, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն անվանել էր «դեմոկրատների համար անշնորհակալ քարոզիչ»։ Արդյունքում Կիևի պատվիրակությունը հեռացվել է Սպիտակ տնից, իսկ համաձայնագիրն այդպես էլ չի ստորագրվել։ Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Զելենսկուն անհրաժեշտ է «ուշքի գալ», հակառակ դեպքում Ուկրաինան պետք է ղեկավարի «մեկ ուրիշը» ։

Այս համատեքստում Թեհրանը հասկացրել է, որ մտադիր չէ բանակցել Վաշինգտոնի հետ, եթե դա իրականացվի անհարգալից կերպով։

«Բանակցությունները բարի կամքի ակտ են. դրանք չի կարելի պարտադրել։ «Առավելագույն ճնշումն» արդեն փորձարկվել է մեզ վրա։ Այո', դա մեզ անախորժություններ է պատճառել, բայց մենք պատրաստ չենք ականատես լինել այնպիսի նվաստացման, ինչպես ուկրաինացի ժողովուրդը տեսավ»,- հայտարարել է Մոհաջերանին՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցությունների հնարավորության մասին հարցին։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր իրանական նավթի մատակարարման հետ կապված միջնորդների և նավային տրանսպորտի դեմ պատժամիջոցների նոր փուլ, ինչը դարձել է «առավելագույն ճնշման» քաղաքականությանը վերադառնալու ռազմավարության մաս:

Դրա հետ մեկտեղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ելույթ ունենալով խորհրդարանում, խոստովանել է, որ մտադիր էր վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ միջուկային գործարքի և պատժամիջոցների շուրջ, սակայն այդ նախաձեռնությունն արգելափակել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:

Միևնույն ժամանակ, Թեհրանը շարունակում է շփումները Եվրոպայի հետ։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շուրջ բանակցություններ վարել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ:

Ինքը՝ Դոնալդ Թրամփը, ստանձնելով պաշտոնը, պատրաստակամություն է հայտնել նոր գործարք կնքել Իրանի հետ՝ ռազմական հակամարտությունից խուսափելու համար: Նա առաջարկել է մշակել «վերիֆիկացված» միջուկային համաձայնագիր, որը թույլ կտար Թեհրանին զարգանալ և բարգավաճել:

Ալի Խամենեին, սակայն, խստորեն մերժել է երկխոսության հնարավորությունը՝ հայտարարելով, որ փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհիմն են և Իրանի ոչ մի խնդիր չեն լուծի: