Սնկերի պարբերական գործածումը դրական է ազդում տարեց մարդկանց ուղեղի աշխատանքի վրա: Սինգապուրի Ազգային համալսարանի մասնագետների հետազոտության համաձայն՝ սնկերը նվազեցնում են թեթեւ կոգնիտիվ խանգարման զարգացման հավանականությունը:
Գիտնականները վեցամյա հետազոտության շրջանակում վերլուծել են Սինգապուրում բնակվող 60 տարեկանից մեծ 600 անձանց տվյալները: Փորձարկվողներն իրենց սննդակարգի մեջ են ընդգրկել տարբեր չափաբաժիններով սնկեր, ինչը գիտնականներին օգնել է պարզել, թե սնկերի կոնկրետ որ քանակությունն է կարող ազդել կոգնիտիվ ֆունկցիաների վրա: Մեկ չափաբաժինը հավասար էր 150 գրամ եփած սնկին:
Գիտնականները հաշվի են առել փորձարկվողների հասակը, քաշը, արյան ճնշումը, հիվանդությունների պատմությունը, իսկ կոգնիտիվ ունակությունները գնահատվել են Վեքսլերի թեստով: Դրանից բացի, առանձին թեստերով գնահատվել են հոգեկան առողջությունը եւ դեպրեսիայի առկայությունը:
Պարզվել է, որ նրանց շրջանում, ովքեր շաբաթական սնկի 2 չափաբաժնից ավելի են գործածել, թեթեւ կոգնիտիվ խանգարման զարգացման հավանականությունը ավելի քան 50 տոկոսով ցածր էր նրանց համեմատությամբ, ովքեր իրենց սննդակարգի մեջ այս մթերքը չեն ներառել: Ընդ որում՝ գիտնականները համոզված են, որ տարեցների ուղեղի վրա դրական է ազդում շաբաթական մեկ անգամ սնկի անգամ մեկ չափաբաժինը:
Չնայած կամավորների մեծամասնությունը գործածել է Pleurotus, շապինյոն եւ շիիտակե, գիտնականները համակարծիք են, որ սնկերի մյուս տեսակները նույնպես առողջության համար օգտակար կլինեն: Բանն այն է, որ սնկերի մեջ պարունակվում է էրգոտիոնեին (ergothioneine) հակաօքսիդանտ, որն օժտված է հակաբորբոքային հատկություններով, պարունակվում են նաեւ էրինացիններ, սկաբրոնիններ եւ դիկտիոֆորիններ:
0Comments