Բելառուսում մեկնարկել են 7-րդ նախագահական ընտրությունները. քվեարկության հիմնական օրը երկրի տարածքում գործում է ավելի քան 5,300 ընտրատեղամաս։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, այդ թվում՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է ավելի քան 30 տարի։ Այս անգամ ընտրությւոններում Լուկաշենկոյի մրցակիցներն են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, Աշխատանքի և արդարադատության հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը:
Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կավարտվի 20:00-ին: Ընտրելու իրավունք ունի Բելառուսի մոտ 6,9 մլն քաղաքացի։ Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե քվեարկությանը մասնակցի ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների կեսից ավելին։ Մինսկն ակնկալում է, որ հաշվի առնելով վաղաժամկետ քվեարկության ժամանակ ընտրողների մեծ մասնակցությունը, ընտրությունները կարող են կայացած ճանաչվել արդեն օրվա առաջին կեսին։ ԿԸՀ տվյալներով՝ հունվարի 21-25-ը տեղի ունեցած վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 41,81 տոկոսը։ Նախագահն ընտրված կհամարվի, եթե նրա օգտին քվեարկի քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին։ Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն հունվարի 27-ի գիշերը։
0Comments