Տերմինալից հաշվեհամարին կամ քարտին քաղաքացու կողմից անձամբ կատարված փոխանցումը հայտարարագրում չի ներառվում․ ՊԵԿ նախագահ

Մանրամասներ
Էդուարդ Հակոբյան

Մինչև 300 000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նա նշել է, որ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքի շեմին, ոչ թե նմանատիպ գործարքների հանրագումարին։

«Մենք փորձել ենք նայել, թե բանկային համակարգում այդ փոխանցումներն ինչ պատկեր ունեն, տարբեր գնահատականներով` ծանրակշիռ մեծամասնությունը տեղավորվում են այդ շեմի ներքո։ 300 հազար դրամից ավելի գործարքները հայտարարագրման ենթակա են»,– ասել է ՊԵԿ նախագահը։

Նա նաև տեղեկացրել է, որ սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները չեն համարվում եկամուտներ և չեն ներառվում եկամուտների հայտարարագրում։

Բացի այդ, եթե քաղաքացին հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել է փոխանցում, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառի հայտարարագրում։

Եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից քաղաքացուն որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկությունը ևս պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։

Տարբեր առիթներին ստացված դրամական նվերների վերաբերյալ տեղեկությունը ևս պետք է ներառվեն հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։

Եթե քաղաքացին որևէ մեկին տվել է պարտքով գումար, ապա վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։

Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։