Պետությունը պետք է զսպի բանկերի ախորժակը. մասնագետը` անհրաժեշտ փոփոխությունների մասին

Մանրամասներ
նիկոլ բանկ հաշիվ

Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատել է, որ կառավարության վարած հարկային քաղաքականության արդյունքում տնտեսության գրեթե բոլոր հատվածների, անգամ անհատ քաղաքացիների հարկերն օրեցօր ավելանում են, բանկերինը` ոչ։

Բանկերի եկամուտները սրընթաց աճում են, հարկերն ու վարկային տոկոսադրույքները` մնում նույնը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

«Օրինակ` վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին կես տարվա ընթացքում նվազել է, բայց դա էական ազդեցություն չի թողել, ասենք, վարկային տոկոսադրույքների վրա։ Այսինքն` բանկերը մի կողմից շարունակեցին բարձր տոկոսով վարկեր տրամադրել, մյուս կողմից` սպասարկման նոր վճարներ գանձել հանրությունից ու բիզնեսից»,– նշում է տնտեսագետը։

Պարսյանը նկատում է, որ բանկերում հաճախորդներից մեծ միջնորդավճարներ, սպասարկման վճարներ գանձելու մեկնարկը տրվեց 2022թ–ին` պայմանավորված ՌԴ–ից մեծ թվով ռելոկանտների ներհոսքով։

Առիթից օգտվելով` հայաստանյան որոշ բանկեր ՌԴ քաղաքացիներից միայն բանկային հաշիվ բացելու համար տարեկան 110-120 հազար դրամ տարեկան վճար սահմանեցին։

«Բանկերը կոնկրետ օգվում են իրավիճակից։ Մասնավոր կազմկերպության համար սա գուցե նորմալ է, բայց երկրի տնտեսական քաղաքականության մակարդակով, կարծում եմ, դա կարող է հետևանքներ թողնել։ Նույն օտարերկրացին տեսնում է, որ իր նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում` թողնում, հեռանում է ՀՀ–ից։ Դրա վառ օրինակը ռուսաստանցիներն են. եկան 100 000 հոգի, նրանց 70 տոկոսից ավելին հեռացան ՀՀ–ից»,– նշում է Պարսյանը։

Մեր զրուցակիցն արձանագրում է, որ նախկինում ՀՀ ֆինանսական ոլորտում օտարերկրացիների նկատմամբ նման մոտեցում չի եղել. բանկերը, հակառակը` ամեն կերպ խրախուսում էին, որ օտարերկրացիներն իրենց մոտ հաշիվներ, ավանդներ բացեն։

Ինչ վերաբերում է պետական համակարգին` տնտեսագետը կարծում է, որ ՀՀ կառավարությունը չի կարողանում զսպել բանկային համակարգի ախորժակը և կուլ է գնում բանկերի շահերին։ Նրա գնահատմամբ` այսօր ավելի շատ բանկային համակարգն է թելադրում գործադրին` ինչ անել։

Որպես հիմնավորում, Պարսյանը մատնանշում է կառավարության վարած հարկային քաղաքականությունը, երբ տնտեսության գրեթե բոլոր հատվածների, անգամ անհատ քաղաքացիների համար հարկերն օրեցօր ավելանում են, բայց բանկերինը` ոչ։

Պաշտոնական վիճակագրությունը վկայակոչելով` Սուրեն Պարսյանն արձանագրում է. 2024թ–ի 9 ամսվա ընթացքում ՀՀ բանկերը 269 մլրդ դրամի շահույթ են ստացել, բայց շահույթից պետության ու հանրության մասնաբաժինը չի ավելացել։ Ագամ ծառայությունների մատուցման սակագներն ու վարկերի տոկոսները չեն փոխվել։

«Մեր նպատակն այն չէ, որ վնասենք բանկային համակարգին կամ քանդենք այն, հատկապես, որ մեր բանկային համակարգը կայացածներից մեկն է տարածաշրջանում։ Բայց պետությունը պետք է կարողանա զսպել բանկերի ախորժակը, սահմանափակի նրանց կամայական գործողությունները, ինչը, ցավոք, չի անում»,– նշում է տնտեսագետը։

ՀՀ–ում գործող 17 բանկերը, Պարսյանի դիտարկմամբ, կարող են միասնական սակագնային, տոկոսադրույքային քաղաքականություն վարել։ Իսկ ԿԲ–ն, որին ՀՀ օրեսդրությամբ վերապահված է բանկերի վերահսկողությունը, ու որը պետք է բացառի նման դեպքերը, սա համարում է շուկայի ինքնակարգավորում։

Տնտեսագետի գնահատմամբ` այստեղ շահերի բախում կա, ինչը թույլ չի տալիս արդյունավետ գործել, և համակարգում հասունացել է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։

«Շուկա՞ն է որոշել, որ բոլոր բանկերը դրամ կանխիկացնելիս պետք է 3 տոկոս պահում անեն, շուկա՞ն է որոշել, որ հիփոթեքային տոկոսադրույքը 11 տոկոսից ցածր չի կարող լինել, այն դեպքում, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10.25-ից նվազել է 7 տոկոսի։ Այս ամենը փորձ է արվում բացատրել շուկայի օրենքներով, ինչը, կարծում թե, այդքան էլ ճիշտ չէ։ Այստեղ օրենսդրական կարգավորման կարիք կա։ Օրինակ` պետությունը կարող է բանկերի վերահսկողության գործառույթը փոխանցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Ցավոք, մեր մրցակցության հանձնաժողովն էլ մի լավ վիճակում չէ։ Այն իր հերթին բավական թույլ ու շատ հաճախ օրիգարխների շահերը սկասարկող մարմին է։ Բայց զուտ քաղաքականության տեսանկյունից, կարծում եմ, այդ փոփոխությունն անհրաժեշտ է»,– ասում է Պարսյանը։

Հիշեցնենք` 2024թ–ի հոկտեմբերին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերաբար իջեցման ֆոնին չեն իջնում վարկերի տոկոսադրույքները, ասել էր, որ պատճառը վարկերի նկատմամբ շուկայում առկա չափազանց մեծ պահանջարկն է, հատկապես` շինարարության, հիփոթեքի, սպառողական վարկերի։ Նրա մեկնաբանմամբ` քանի կա պահանջարկ, տոկոսադրույքը չի կարող նվազել։

Նշենք, որ 2022թ–ին հայաստանյան բանկերի շահույթը կազմել էր 256.2 մլրդ դրամ, ինչը 3 անգամ ավելի էր 2021թ–ի ցուցանիշից։ 2023-ին բանկերի շահույթը փոքր– ինչ նվազել էր` կազմելով 230 մլրդ դրամ։ Իսկ 2024 թվականին Հայաստանի բանկային համակարգի շահույթը դարձյալ ռեկորդային աճ է գրանցել` միայն 9 ամիսների հաշվարկով հասնելով 268 մլրդ դրամի։