Անկարան և Բրյուսելը համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտության հարցում. Էրդողան

Մանրամասներ
թուրքիա եմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Բրյուսելը համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտության հարցում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

«Համաձայնեցինք, որ Սիրիայի ինքնիշխանությունը և ամբողջականությունն անհրաժեշտ է պահպանել ներառական կառավարության ձևավորմամբ։ Սիրիան կարող է վերականգնվել միայն հարևան պետությունների, միջազգային հանրության աջակցությամբ»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպումից հետո։

Վերջինս իր հերթին նշել է, որ պետք է հաշվի առնել Սիրիայում անվտանգության ոլորտում Թուրքիայի անհանգստության օրինական առիթները։ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նաև կոչ է արել կենտրոնանալ Սիրիայի վերականգնմանը։

 Ավելի վաղ The Wall Street Journal հանդեսը հայտնել էր, որ քրդական ուժերի վերահսկողության ներքո գտնվող սիրիական տարածքները գրավելու Թուրքիայի հնարավոր ծրագրերն անհանգստացնում են պաշտոնական Վաշինգտոնին։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Թուրքիան զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Սիրիայի հետ սահմանին։