Սիրիայում զինված ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ հագնել

Մանրամասներ
հիջաբ

Սիրիայում զինված ընդդիմության հրամանատարությունը հայտարարել է կանանց համար հիջաբի հարկադիր կրման արգելքի մասին՝ ընդգծելով նրանց սեփական հագուստ ընտրելու իրավունքը։

Դրա մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական Al-Watan պարբերականին։

«Գերագույն հրամանատարությունը կտրականապես արգելում է կանանց ստիպել հագնել որոշակի ոճի հագուստ, միջամտել նրանց ընտրության իրավունքին կամ պահանջներ ներկայացնել՝ նրանց արտաքինի վերաբերյալ»,-նշել է ընդդիմության հրամանատարությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ էին վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, դրանց թվում՝ Հալեպը, Համան, Դարաան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմադիր ուժերը մտել են Դամասկոս, որտեղից սիրիական կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։