Սիրիայի իշխանությունները Մոսկվայից պահանջել են արտահանձնել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա գլխավոր օգնականներին, որոնք փախել են Ռուսաստան անցյալ դեկտեմբերին ապստամբների կողմից Դամասկոսը գրավելուց հետո: Այս մասին Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպման ժամանակ, գրում է The Times Of Israel-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք իրականում նման պահանջ է դրվել։ Կրեմլը նաև հայտարարում է, որ շարունակում է երկխոսություն հաստատել Սիրիայի նոր ղեկավարության հետ՝ երկրում իր ռազմական օբյեկտները պահպանելու համար։ Տարտուսում ռազմածովային բազայի և Լաթաքիա նավահանգստային քաղաքի մոտ գտնվող Հմեյմիմ ավիաբազայի կորուստը կարող է լուրջ հարված հասցնել տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական հնարավորություններին։
Ասադին արտահանձնելու Ռուսաստանի պահանջի մասին տեղեկությունը հաստատել է նաեւ բանակցություններին ծանոթ սիրիական կողմի Reuters-ի աղբյուրը։
Ռուսական պատվիրակությունը Դամասկոս է ժամանել հունվարի 28-ին Ասադի տապալումից հետո առաջին անգամ, ով դեկտեմբերի սկզբին ընտանիքի հետ փախել էր Մոսկվա։ Բանակցություններին մասնակցել են Պուտինի հատուկ ներկայացուցիչներից երկուսը` մեկը Մերձավոր Արեւելքի, մյուսը` Սիրիայի: Խոսքը փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի և Ալեքսանդր Լավրենտիևի մասին է։
0Comments