Աշխարհը, ցավոք սրտի, մեզ ճանաչում է Նիկոլ Փաշինյանով. ես ազգ-նահատակ չեմ, ես հայ եմ. Մամիջանյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Մի քանի ժամ առաջ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ. Աշխարհը ցավոք սրտի մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով, դրանով են պայմանավորված Բելառուսի նախագահի երկու հայտարարությունները. «Դրանով է պայմանավորված, որ աշխարհի շատ ու շատ երկրներում մարդիկ իրար մեջ ասում են, որ դե, կորզելով խաբեությամբ մեր քաղաքացիների ձայները և վերընտրվելով, Հայաստանը, հայ ազգը համակերպվել է ցավալի պարտության հետ, իսկ որոշ երկրների, մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները անգամ դա ասում են հրապարակային:

Նույն երկրների ղեկավարները հրապարակային ծաղրում են Նիկոլ Փաշինյանին։ Այ, այդպես է մեզ աշխարհը ընկալում, այլ ոչ թե որևէ այլ տարբերակով։ Ես ազգ-նահատակ զավակ չեմ, ես հայ եմ։ Հայ, որը իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին հաղթել է պատերազմի դաշտում, իսկ հետո հակառակորդի հետ խոսել «կամ կրակում ենք, կամ բանակցում ենք, մենք երկուսին էլ պատրաստ ենք» սկզբունքով»,- ընդգծեց Մամիջանյանը:

Անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, թե անկեղծ չենք, նա դա զավեշտալի համարեց. «Դա ասում է մի մարդ, ով որ բացահայտ ասել է, որ ինքը խաբել է հայ ժողովրդին, երբ մինչև 2020 թվականը խոսում էր Արցախի և այլ խնդիրների մասին։ Մարդ, ով որ իր նախընտրական ծրագրով և ապա իր կառավարության ծրագրով ուղղակի խաբեությամբ ստացել է մեր քաղաքացիների ձայները։ Հադրութ-Շուշի էր դեօկուպացնում, Մադրիդյանով Արցախյան խնդիր էր լուծում, արդյունքը տեսանք։

Նաև խոսք գնաց Արցախի ճանաչման մասին, հիշեցնեմ, որ նախագահ Սարգսյանը ապրիլյան պատերազմի ժամանակ ասել էր, որ եթե պատերազմը տևի յոթ օր, ապա մենք կճանաչենք Արցախի անկախությունը և ժամանակին համանախագահների առաջ պայման էր դրել, որ եթե, ինչպես 2008 թվականին ևս մեկ անգամ ՄԱԿ-ում ընդունվի որևէ մի կեղծ սուտ հակահայկական բանաձև, ապա դա նույնպես կլինի պատճառ, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը։

Փաշինյանի ելույթը ավարտվում էր իր վարչապետության մասին, ես էլ այդպես ավարտեմ։ Այո, Նիկոլ Փաշինյանը օր-օրի փոքրացող Հայաստանի վարչապետ է ներկայանում, և դա մեր բոլորի մեղքն ու ամոթն է։ Եվ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը շարունակի ներկայանալ որպես ՀՀ վարչապետ, ապա կշարունակի փոքրացնել մեր պետությունը ու դա կլինի բոլորիս մեղավորությունը», հայտարարեց «Պատիվ ունեմ»-ի ղեկավարը: