Ռուսաստանը հաստատում է իր համերաշխությունը Սիրիայի ղեկավարության և ժողովրդի հետ ՝ երկրի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խմբավորումների հարձակումից հետո իրավիճակի սրման ֆոնին: Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։
Նշվում է, որ ՌԴ դեսպանն ընդգծել է Ռուսաստանի սկզբունքային և անփոփոխ դիրքորոշումը` ի պաշտպանություն Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի ֆոնին սկսել է այցելել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ: Նա այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
0Comments