Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Մանրամասներ
հովիկ աղ

Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ որոշումը կայացվել է այսօր կայացած վարչության նիստում, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին։

Քյարամյանը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։

ՔԿ նախկին ղեկավարի հայտարարության վերաբերյալ ավելի ուշ նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ մամուլը սկսեց գրել, որ Աղազարյանը շուտով վայր կդնի մանդատը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատները: Նարեկ Զեյնալյանը հետևեց Փաշինյանի հորդորին, իսկ Աղազարյանը որոշ ժամանակ անց հայտարարեց, որ մանդատը վայր չի դնի` դա որակելով որպես իր կյանքի ծանրագույն որոշումը։