Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը նախատել է իր քավոր մարզպետին, վերջինս էլ դիմել է բնակիչներին, հանձնաժողով է ստեղծել։
Նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Տավուշի մարզում, Իջևանում։ Նա դրանից հետո քննադատական հայտարարություններ է արել ճանապարհի եզրին գործող ավտոլվացման կետերի, գետ թափվող փրփրաջրերի և այլնի մասին։ Տավուշի մարզպետարանի աղբյուրը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի ճանապարհների եզրերին տիրող իրավիճակի վերաբերյալ նախատել է իր դասընկեր, իր հարսանիքի քավոր, իր որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին։ Այդ հանդիմանությունից հետո մարզպետ Ղալումյանը գործի է անցել, նա նոյեմբերի 26-ին դիմել է բնակիչներին, խնդրել և հորդորել է հանրային տարածքներից հեռացնել բնակիչների կողմից կուտակված շինարարական նյութերը, շինաղբը և մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաները, որոնք խոչընդոտում են հետիոտնի և տրանսպորտային միջոցների երթևեկությանը։ Մարզպետարանը նաև սպառնացել է․
«Տեղեկացնում ենք, որ նշված գործողությունները չկատարելու դեպքում Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից կձեռնարկվեն օրենքով սահմանված միջոցառումներ»։
Դրանից հետո, նոյեմբերի 27-ին մարզպետ Հայկ Ղալումյանը որոշել է աղբահանության, սանիտարական մաքրման և ծառայությունների մատուցման որակի բարելավման նպատակով հանձնաժողով ստեղծել։ Հանձնաժողովի մեջ ընդգրկվել են մարզպետարանի պաշտոնյաներ և մարզի համայնքների կոմունալ ծառայությունների ղեկավարները (իրենց համաձայնությամբ): Այդ հանձնաժողովը պետք է իրականացնի մարզով անցնող միջպետական և հանրապետական ավտոճանապարհների եզրերին ու բնակավայրերի ներսում կուտակված աղբի, շինարարական աղբի, տեսանելի տարածքներում կուտակված հին ու անարդյունավետ գույք հանդիսացող տրանսպորտային միջոցների կմախքների ու դրանց տարբեր մասերի, չորացած ու թափված փայտանյութի, ինչպես նաև այլ տեսակի աղբը հավաքելու, դրանց տեղափոխումն ու տեղադրումն աղբավայրերում կազմակերպելու գործընթացներ և կատարված աշխատանքների մասին պարբերաբար զեկուցի Տավուշի մարզպետին»։
0Comments