«Ազատություն». Բաքուն արձագանքում է ամերիկացի կոնգրեսականների հայտարարություններին. COP29-ի շրջանակներում Ադրբեջան այցելած ԱՄՆ օրենսդիրները Ալիևի վարչակազմին մեղադրել են իրենց դեմ հարձակումներ, սադրանքներ կազմակերպելու մեջ։
Կոնգրեսական Ֆրենք Փալոնը պնդել է, որ եթե չլիներ ԱՄՆ դեսպանատան թիկնապահը, ինքը կարող էր «հիվանդանոցում հայտնվել»։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն, ի պատասխան, ամերիկացի օրենդիրներին անվանել է «հայկական լոբբիի գործիքներ», «ստախոս» և պնդել, որ «Ադրբեջանում շոու բեմադրելու նրա փորձը ձախողվեց»։
Ադրբեջանցի պաշտոնյայի X-ում արված գրառումից պարզ է դառնում, որ կոնգրեսական Ֆրենք Փալոնը իջևանել էր մի հյուրանոցում, որի պատուհանից երևում է վիճահարույց «ռազմավարի պուրակը», որտեղ բացի հայկական զինուժից գրավված զինտեխնիկայից, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում։
«Թերևս դա աստվածային հատուցում էր ադրբեջանական ժողովրդի նկատմամբ տարիներ շարունակ իրականացված անարդարության համար, որին նա աջակցել է», – հայտարարել է Ալիևի օգնականը։
Արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի մասին ամերիկացի կոնգրեսականների հայտարարությանը` Հաջիևը պնդել է՝ կա՛մ նրանք պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կա՛մ «դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձաբար և Հայաստանից վտարված բնիկ ադրբեջանական բնակչության վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ»։
0Comments