Ընտրություններից առաջ Վրաստանը ռազմավարական օբյեկտների մեջ է ներառել ԿԸՀ-ն. արգելափակումը պատժվում է բանտով

Մանրամասներ
վրաստան

Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունից երկու օր առաջ Վրաստանի իշխանությունները ռազմավարական օբյեկտների վերաբերյալ բանաձեւ են ընդունել, որոնց ցանկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատարանները եւ պատրիարքարանը, որոնց արգելափակման համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում, ըստ 168.am-ի՝ հաղորդում է «Էխո Կովկասը»։

Հոկտեմբերի 24-ին Վրաստանի կառավարությունն ընդունել է թիվ 361 որոշումը ռազմավարական օբյեկտների վերաբերյալ, այդ թվում՝ կառավարական շենքերը, դատարանները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և որոշ ոչ պետական ​​շենքեր, մասնավորապես՝ պատրիարքարանը։

Վրաստանի Քրեական օրենսգիրքը մինչև երկու տարվա ազատազրկում է նախատեսում «ռազմավարական կամ հատուկ նշանակության» օբյեկտի առգրավման կամ արգելափակման համար, որը կարող է խոչընդոտներ ստեղծել դրա աշխատանքի համար։

Եթե ​​նման գործողությունները կատարվում են խմբով, ապա նախատեսվում է ազատազրկում մինչև չորս տարի ժամկետով, իսկ ահաբեկչական դրդապատճառներով նույն գործողությունները պատժվում են 10-15 տարվա ազատազրկմամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք վճռորոշ են համարվում երկրի հետագա ընթացքի համար։ Վերջին հարցումներից մեկը կանխատեսում է, որ ընդդիմությունը 50 տոկոսից ավելի ձայն կստանա: