ԱՆԻՖ-ում մարդիկ 4 մլրդ դրամ աշխատավարձ են ստացել. դուք այդքան աշխատավարձ ստանո՞ւմ եք. Գրիգորյանը՝ Փաշինյանին

Մանրամասներ
աժ

2019-ին ստեղծվեց ԱՆԻՖ հիմնադրամը, որը պետք է խթաներ ներդրումները, բայց մի քանի ամիս առաջ փակ դռների հետեւոյմ փակվեց այն:  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ ԱՆԻՖ-ը մի քանի խոշոր նախագծեր ուներ, որոնցից մեկը «Ֆլայ Առնա» ավիաընկերությունն էր: Մոտ 4,5 մլրդ դրամ է ներդրվում, հիմա ավիաընկերությունը չկա, գումարը չկա, ու դրա հետեւանքով որեւէ բան տեղի չի ունենում: Բացի դրանից, «Էյր Արաբիան» դատի է տվել Հայաստանին էդ նույն գործով: Սա կոռուպցիա չի՞, կոռուպցիան պոզով-պոչով կենդանի՞ է, որի մասին տեղյակ չենք: Այդ նույն հիմնադրամում տասնյակ մարդիկ ամսական ստացել են միջինը 4 մլն դրամ աշխատավարձ: Դուք, որպես վարչապետ այդքան աշխատավարձ ստանո՞ւմ եք: Նրանք այդքան աշխատավարձ են ստացել, դրանից ավելի շատ պարգեւավճար են ստացել, դա էլ հերիք չի, իրենց հիմնական գործառույթները արտապատվիրակել են այլ կազմակերպության: Դա բացահայտված դեպքեր են, գործը քննվում է: Հետեւանքները որտե՞ղ են»,-ասաց նա:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ֆլայ Առնա» նախագիծը գործարկելու որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է 2020-ի իրադարձություններից հետո, 2021-ի ընթացքում: Այդ որոշումը կայացվել է, որովհետեւ կովիդի եւ պատերազմի ընթացքում ՀՀ-ում չկար մի ավիաընկերություն, որը եթե ՀՀ-ին պետք լիներ քաղաքական որոշմամբ ուղեւորափոխադրումներ կայացնել, այդ խնդիրը լուծվեր: հետագայում տեղի ունեցավ 2022-ի իրադարձությունները, երբ բոլոր շուկաները, այդ թվում ավիացիոն շուկան հսկայական փոփոխություններ ապրեցին: Ուկրաինայում պատերազմից հետո այնպես իրադարձությունները դասավորվեցին, որ Հայաստանի շուկան սկսեց հագենալ: Այդ ժամանակ մենք քննարկում ենք ունեցել, ասել ենք՝ մենք ստեղծեցինք ավիաընկերություն, բայց կոնյուկտուրան փոխվեց:

Հիմա մենք ընտրության առաջ ենք, կամ պետք է օրենսդրական խոչընդոտներ ստեղծենք շուկայի մյուս խաղացողների համար, որ մեր էս ներդրումը պաշտպանենք, թե ոչ: Մենք եկանք եզրակացության, որ դա չենք անելու: Մենք գնացել ենք այդ ծանր որոշմանը եւ շուկայում փոփոխություններ չենք արել, արհեստական պրոտեկցիոնիստական որոշումներ չենք կայացրել եւ արդյունքում «Ֆլայ Առնան» շուկայում ունեցել է անհաջողություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իր հանձնարարությամբ է ՊՎԾ-ն այդտեղ ուսումնասիրություն իրականացրել. «Եթե ես չուզենայի եւ չհանձնարարեի այդ խնդիրը լուծել, դուք ձեր առաջ այդ թղթերը չէիք ունենա, որ այդ հարցը տայիք: Սա հերևթական ապացույց է, որ մենք չունենք կոմպրոմիս»:

Աննա Գրիգորյանը նկատեց, որ գործը գոյություն ունի մեկ տարուց ավելի, սակայն որեւէ մեղադրյալ չկա. «Եթե հարցը վերաբերվեր որեւէ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդու, երեք րոպե հետո մեղադրյալ ներգրավված կլիներ՝ համապատասխան հետեւանքներով:

Դուք հիմա ասում եք,՝ այդքան գումարը դրել ենք, դե հիմա չի ստացվել, ժողովուրդ ջան: Դե կանգնեք ներողություն խնդրեք, ասեք՝ ժողովուրդ ջան, կներեք, ձեր հարկերից 4,5 մլրդ դրամ ոչնչացվել է»,-ասաց նա:

Փաշինյանը ասաց. «Հիմա ձեր վարկածը ո՞րն է, մեղադրյալ չկա, որովհետեւ ես հեռախոսը չեմ վերցրե՞լ, թե մեղադրյալ չկա, որովհետեւ ես հեռախոսը վերցրել եմ:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչներին, էս վերջերս մենք ընդդիմադիր գործչին վերաբերող քրեական գործի ենք առնչվել, որտեղ ոչ միայն տեղում քրեական գործ չի հարուցվել, այլեւ ապացույցներ են ոչնչացվել, հանգամանքներ են նենգափոխվել, տարիներով գործը հարուցվել է, ոչ մեկին ոչ լսել են: Էնքան ընդդիմադիր գործիչների վերաբերյալ գործեր կան, որոնց գործերով ապացույցներն ուղղակի վերցել են, ցնդել են»:

Անդրադառնալով նրան, որ «Էյր Արաբիան» դատի է տվել Հայաստանին, Փաշինյանն ասաց. «Որ մեզ դատի են տվել, դա դեռ չի նշանակում, որ մենք էլ չենք կարող դատի տալ: Ձեզնից ոմանք էլ մեզ դատի են տվել, եւ ի՞նչ, դա ինչի՞ մասին է վկայում: Այո, ցանկացած որոշման մեջ էլ ռիսկ կա»:

աղբյուր՝ News.am