60 տոկոսով ավելացել է քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը

Ըստ աղբյուրի, կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 54 պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է

Գլխավոր դատախազությունն ամփոփել է 2018 թվականի ընթացքում  կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները, որոնք համադրվել են 2017թ. ցուցանիշների հետ:

Դատախազության հաղորդմամբ, կատարված ամփոփմամբ արձանագրվել է, որ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017թ․ ցուցանիշը՝ 500: Դրանցից 1469-ով, ինչը 3.6 անգամ ավելի է 2017թ․ ցուցանիշից (403 նյութ), հարուցվել են քրեական գործեր:

 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի համար առիթ են հանդիսացել 988 ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, որը գրեթե 3.6 անգամ ավելի է 2017թ. համեմատությամբ (272), ԶԼՄ-ների 25 հրապարակումները (2017թ.՝ 8) և  հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման 532 հանգամանքը (2017թ.՝ 123, կամ 4.3 անգամ քիչ):


2018թ. ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 960 անձ, ինչն ավելի քան 60 տոկոսով ավելի է 2017թ. կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թվից: Ընդ որում՝ եթե 2017թ. ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանցից 292-ն է եղել պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ապա 2018թ.՝ 470-ը, կամ շուրջ 61 տոկոսով ավելի։

Ըստ աղբյուրի, կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 54 պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է. 2017թ. արձանագրվել է նման 32 դեպք։