Աննա Հակոբյանն իր հրապարակմամբ հաստատում է, որ լրատվամիջոցը ճիշտ էր, և որ որևէ ապատեղեկատվություն չի տարածել: Իսկ վարչապետի լեքսիկոնի վերաբերյալ ավելացնելու ոչինչ չունեմ, որովհետև հասարակությունն ըստ արժանվույն նույն լեքսիկոնով հակադարձում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
«Իրենք հաստատեցին, որ լրատվամիջոցները որևէ ապատեղեկատվություն չեն տարածել: Այն, ինչը գրել է «Հրապարակ» թերթը, փաստորեն, իրականությանը համապատասխանում էր. վարչապետի կինը և դուստրը Բրյուսելում են եղել և պատվիրակության կազմում չեն եղել: Հիմա չեմ հասկանում վարչապետի այդ լեքսիկոնը, և նախկին լրագրող, հիմա վարչապետի տիկին, հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի արձագանքը չեմ հասկանում»,- նշեց Ժուռնալիստների միության նախագահը:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոդվածով անդրադարձել էր մարտի 4-ի երեկոյան Բրյուսելի փողոցում Հայաստանի պատվիրակության հետ Բելգիա մեկնած հայ լրագրողների խմբի հետ հանդիպմանը և դրանից հետո ԶԼՄ-ներում հայտնված լուրերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր կնոջ հոդվածով և կատարել էր հետևյալ գրառումը. «Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք...»:
Ժուռնալիստների միության նախագահի խոսքով՝ վարչապետի այս բառապաշարը նոր չէ, այն վաղուց է ներմուծված. «Թող չզարմանան, որ մամուլը կամ սոցցանցերում ներգրավված ակտիվ հասարակությունն իրենց նույն լեքսիկոնով պատասխանի: Ինչ լեզվով կխոսես, նույն ձևով հակադարձում են, չպետք է զարմանանք, բայց սա լավ տեղ չի տանում»,- ասաց նա:
Սաթիկ Սեյրանյանը նկատում է, որ Աննա Հակոբյանի կողմից այդպես էլ պարզաբանում չեղավ, թե ինչու էին ինքը և դուստրը մեկնել Բելգիայի Թագավորություն:
Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի հոդվածի բովանդակությանը, Սաթիկ Սեյրանյանը նշեց. «Լավ կլինի՝ իրենք իրենց թղթակիցներին սովորեցնեն:
Կամ սկսկեն իրենցից, իրենք սկզբից իրենց կրթեն, ինքնակրթությունն ամենալավ բանն է, և հետո նոր այլ լրատվամիջոցներին փորձեն կրթել: Ի վերջո, կարող են բուհերի Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում դասավանդել»:
0Comments