Ով կարող է դառնալ ԵՊՀ ռեկտոր

Համաձայն ԵՊՀ-ի կանոնադրության` ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո մայր բուհի հոգաբարձուների խորհուրդը սահմանված ժամկետում պետք է ընտրի նոր ռեկտոր: Պատասխանելով հարցին, թե ով է իշխանության` ԵՊՀ ռեկտորի ցանկալի թեկնածուն, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն հայտարարել է, որ ԵՊՀ ռեկտորի հարց դեռևս չի քննարկվել, սակայն այդ հարցը պետք է լուծի հոգաբարձուների խորհուրդը: <<Ցանկացած անձ կարող է դիմել և ընտրվել>>,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Համաձայն ԵՊՀ-ի կանոնադրության` ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն: Սա նշանակում է, որ խորհրդի 32 անդամներից առնվազն 17-ը պետք է քվեարկեն տվյալ թեկնածուի օգտին:

Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե իշխանությունը ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար նախապատրաստում է ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին, ով այժմ պատգամավոր է, նաև հոգաբարձուների խորհրդի անդամ: Հովհաննիսյանը, սակայն, ունի պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում, հետևաբար ռեկտորի չափանիշներին չի համապատասխանում` գիտությունենրի դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում չունի:
Ի դեպ, ԵՊՀ ռեկտորները նախկինում ավանդաբար եղել են ակադեմիկներ և ակադեմիայի թղթակից անդամներ: Անկախ կանոնադրական պահանջներից` համալսարանը միշտ պահել է ակադեմիական բարձր նշաձողը. օրինակ` Արամ Սիմոնյանը ԳԱԱ թղթակից անդամ էր:

Նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ Հայաստանի իշխանությունը անթաքույց պայքար էր սկսել, և նրան կարելի է ասել` հրաժարականը պարտադրվեց: Բավական է նշել, որ և' վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և' ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակավ հայտարարել են, որ ռեկտորի պաշտոնում չեն ուզում տեսնել Արամ Սիմոնյանին` պատճառաբանելով, թե նա ժամանակին ծառայություններ է մատուցել նախկին ռեժիմին և ՀՀԿ-ական է: Արամ Սիմոնյանը, տևական ժամանակ առճակատման գնալով իշխանությանը, կարողացավ պահպանել իր դիրքը: Իշխանությանը չհաջողվեց հոգաբարձուների խորհրդի միջոցով անվստահություն հայտնել Սիմոնյանին: Աուդիտի և պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները ևս բավարար հիմքեր չապահովեցին` որպես կոռուպցիոներ նրան նստեցնելու մեղադրյալի աթոռին: ԵՊՀ նախկին ռեկտորին հաջողվեց ապացուցել, որ ինքը հանցավոր գործունեություն չի ծավալել և կարող է հեռանալ սեփական դիմումով, ոչ թե իշխանությունից վախեցած, այլ հասկանալով, որ իր հետ չեն ուզում աշխատել: Այս առումով Արամ Սիմոնյանը ցուցաբերեց մտավորականին, գիտնականին վայել կեցվածք` ցույց տալով, որ կրում է համալսարանականի պատվախնդրությունը: Ամեն դեպքում, Սիմոնյանի հեռանալու ժամանակն իսկապես եկել էր: 
Այս փուլում առաջնային խնդիր է նոր ռեկտորի ընտրությունը: Նշենք նաև, որ ԵՊՀ-ում աշնանը նախատեսվում են նաև մի շարք ամբիոնների վարիչների ընտրություններ: