Ալեն Սիմոնյանը «Գուդվին»-ի ներկայացուցիչներից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել

Իմ մասին սուտ տեղեկություններ տարածելով՝ մոլորությամբ իմ դեմ տրամադրելու համար «Գուդվին» ընկերության ներկայացուցիչները՝ որպես կազմակերպիչներ պարտավոր են հրապարակավ ներողություն խնդրել»,–նշել է իր ֆեյսբուքյան էջում Սիմոնյանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Գուդվին» ընկերության ներկայացուցիչներից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր ԱԺ-ի դիմաց իմ հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եւ ինձ սպառնալու համար, ԶԼՄ-ների առջեւ մանիպուլյացիա անելու, Բաղրամյան պողոտան արգելափակելու եւ մեր քաղաքացիներին անհանգստություն պատճառելու, մեր ոստիկանների նկատմամբ ոչ պատշաճ վարքի եւ ամենակարեւորը՝ տասնյակ մարդկանց մոտ իմ խոսքերը խեղաթյուրելով, իմ մասին սուտ տեղեկություններ տարածելով՝ մոլորությամբ իմ դեմ տրամադրելու համար «Գուդվին» ընկերության ներկայացուցիչները՝ որպես կազմակերպիչներ պարտավոր են հրապարակավ ներողություն խնդրել»,–նշել է Ալեն Սիմոնյանը։

Իր հարցազրույցում Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով բուքմեքերական ընկերությունների բողոքին եւ իր առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը, նշել էր. «Խոսքը գնում է գազալցակայանների մոտ եղած ապարատների մասին, որտեղ մենաշնորհ ունի կոնկրետ «Գուդվին-ԲԵՏ» բուքմեյքերական ընկերությունը: Մնացած չորս ընկերություններից ոչ մեկն այդ ապարատներով գործունեություն չի ծավալում: Իրենց պահանջը, խնդրանքն այն է, որ ժամկետը երկարացվի, որի հետ կապված ես մեծ վերապահում ունեմ: Թող առաջարկներ ներկայացնեն, բայց մեր համաքաղաքացիները պետք է շարունակեն տարբեր գազալցակայններում խաղային ապարատներից օգտվել, ինչը ես չարիք եմ համարում»

Անդրադառնալով իր առաջարկած նախագծով նախատեսված սահմանափակումներին նա չհերքեց, որ «Վիվառո» ընկերության  տերը իր ընկերն է, սակայն շեշտեց՝ նախագիծն ավելի ձեռնտու են «Աջարաբեթ» ընկերությանը, որը գրասենյակներ չունի, իսկ «Վիվառո» ընկերության բայց չնայած նրան, որ տերն իր ընկերն է, առաջարկած փաթեթը ձեռնտու չէ։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ին, առավոտից բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակով օրինագծի, որը հավանության է արժանացել ԱԺ տնտեսական հանձնաժողովի կողմից եւ ուղարկվել ԱԺ քննարկմանը:

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը հավանության է արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:

Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»): Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարեւոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում: